Դեպի վեր
Նորություններ

23.03.2015

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզում


    Սույն թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը  2015 թվականի փետրվար ամսին մեկնարկած մարզային այցերի շրջանակներում այցելեց ՀՀ Կոտայքի մարզ:

     Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ  Ա. Մուսայանը, Ֆ. Բաշոյանը,  վերահսկողության վարչության պետ  Ա. Բիձյանը, Միավորված մարզերի ստորաբաժանման ղեկավար  Հ. Մարտիրոսյանը  և Կոտայքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:

     ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը իր խոսքում նշեց, որ մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ, նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և կանոնակարգել համայնքների հետ իրականացվող հետագա աշխատանքները՝ քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր մակարդակով ապահովելու ուղղությամբ: Խորհրդակցության հիմնական նպատակն էր աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում առկախ մնացած խնդիրները: Կոմիտեի նախագահը մեկ անգամ ևս կոչ արեց ներկաներին անկեղծ և անմիջական լինել և բարձրաձայնել իրենց հուզող բոլոր հարցերը:

   Աշխատանքային օրակարգը բավականին հագեցած էր: Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների ուղղման խնդիրներին:

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը և համակարգի մյուս ներկայացուցիչները հանգամանորեն պատասխանեցին  մարզի համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ ներկայացրեցին կադաստրային բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
   Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդգծեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակներում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորեց նաև նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
  Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Կոտայքի մարզպետի միջև ձեռք բերվեց  նաև հետագա արդյունավետ համագործակցություն ապահովելու համաձայնություն:

  Հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին` կադաստրի պետական կոմիտե-քաղաքացի կապն առավել անմիջական և արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի մարզային այցերը առաջիկա ամիսներին ևս կշարունակվեն:


ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին