Դեպի վեր
Նորություններ

03.04.2015

Կոմիտաս 35/2 հասցեում բացվեց ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ուսումնամեթոդական կենտրոնը


   Այսօր ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 12-րդ հարկում տեղի ունեցավ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բացումը:

   Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը, համակարգի պատասխանատուներ, հյուրեր: Ներկաները շրջեցին ուսումնամեթոդական կենտրոնի տարածքում, տեղում ծանոթացան կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական պատրաստվածությանը:

   Ուսումնամեթոդական կենտրոնը  հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N226-Ա որոշման հիման վրա: Կենտրոնի ստեղծման նպատակն է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնագետների և աշխատակիցների վերապատրաստումը, վերջիններիս մասնագիտական որակավորման բարձրացումը: Կենտրոնում կիրականացվի մասնագիտական տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում, ուսումնամեթոդական ձեռնարկների, մասնագիտական տարբեր տեսակի բուկլետների հրատարակում և իրացում: Հատկանշական է, որ կադաստրի ոլորտում մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով կենտրոնում կկազմակերպվի նաև համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցող անձինք կընդգրկվեն համակարգի կադրային ռեզերվում, ինչն անկյունաքար կդառնա  կադաստրի համակարգում քաղաքացիներին որակյալ, արդիական ու օպերատիվ ծառայություններ մատուցելու գործում պատրաստված ու բանիմաց մասնագետներ ունենալու համար:  

   Հավելենք, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ԵԿՄ անդամները և նրանց ընտանիքի անդամները, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինվորների ընտանիքի անդամները, ինչպես նաև Սիրիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մեր հայրենակիցները կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն անվճար:

 

ՀՀ  ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին