Դեպի վեր
Նորություններ

16.04.2015

Տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 11 անուն քարտեզների շնորհանդեսը


 

  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել մի շատ կարևոր նախաձեռնությամբ` քարտեզների հրատարակմամբ, որոնք այսօր  կադաստրի պետական կոմիտեի մեծ դահլիճում ներկայացվեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների դատին: Շնորհանդեսին ներկա էին ինչպես քարտեզների հեղինակները, այնպես էլ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գիտաշխատողներ, ոլորտի այլ մասնագետներ:

Քարտեզներից յուրաքանչյուրը հանգամանալից ներկայացնում է հայ ժողովրդի պատմական անցյալի նշանակալի դեպքերը` լույս սփռելով բազմաթիվ ուշադրության չարժանացած փաստերի վրա:

Ի դեպ, քարտեզների շնորհանդեսին ներկա էր նաև քանդակագործ Նունե Թումանյանը, ում թեմատիկ և միջոցառման խորհուրդը կրող հրաշալի աշխատանքները ցուցադրված էին դահլիճում:

Կադաստրի պետական կոմիտեի առաջարկով <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ը, որն ատլասների և քարտեզների հրատարակման բնագավառում բավականին փորձ և հմուտ մասնագետներ ունի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ քարտեզագրել և ընթերցողին է ներկայացրել թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ, որոնք հայ իրականության մեջ պատմաքարտեզագրական մտքի մեծ ձեռքբերում են և ստեղծելով անկախ ժամանակների գաղափարախոսության համայնապատկեր` ունեն քաղաքական նշանակություն: Հայագիտության զինանոցը հարստացավ նոր արժեքավոր քարտեզներով, որոնք նորովի ու հաջողված, գիտական բարձր մակարդակով կատարված, հիրավի հայագիտական, լայն տեղեկատվությամբ օժտված նյութեր են: Յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ, որոնք իրավամբ կարելի է համարել հայ քարտեզագրական ու աշխարհագրական մտքի նվաճում:

Հայ ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ժողովուրդների թվին, որը նշանակալի ավանդ է ներդրել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում: Նա իր պետականությունը ստեղծել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Մեծ Հայքի թագավորությունը դարեր շարունակ հանդիսացել է Առաջավոր Ասիայի երրորդ հզոր ուժը, իսկ Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է հզոր աշխարհակալ տերություն, որն իր արտահայտությունն է գտել  մեր կողմից հրատարակված Տիգրան Մեծի ժամանակաշրջանը ներկայացնող քարտեզում:

            Հայ ժողովուրդը մեծ ողբերգություն ապրեց Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ Օսմանյան երիտթուրքերի կառավարությունը 1915 թ-ին իրագործեց արևմտահայության Մեծ եղեռնը, որին զոհ գնաց ավելի քան 1.5 մլն մարդ: Այդուհանդերձ, հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը 1918 թ. մայիսի 28-ին` հիմք դնելով Հայաստանի առաջին Հանրապետությանը:

             Հեղինակները հենվելով անցյալի թե` հայազգի, և թե` օտարազգի պատմաբանների և քարտեզագիրների աշխատությունների վրա, նորովի են ներկայացնում և մեկնաբանում Պատմական Հայաստանի անցյալն ու ներկան, նրա պատմությունը և մշակույթը:

Հայոց ցեղասպանությունը փաստերով մանրամասնորեն ներկայացվում է Արևմտյան Հայաստանի հայկական նահանգների (Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի, Վանի, Սեբաստիայի), Կարսի մարզի, Հայոց Կիլիկիայի (Ադանայի նահանգ) քարտեզներում:

Ցեղասպանության խոսուն վկաները բնակչության շարժընթացի գրաֆիկներն են, որ տրված են յուրաքանչյուր քարտեզի լուսանցագրում (օրինակ` Վանի նահանգում` 1914 թ. եղել է 219 000 հայ բնակիչ-1922թ. մնացել է 600 հայ, Էրզրումի նահանգում` պահպանվել է հայ բնակչության 0.6% և այլն):

Քարտեզներում տրվում են ինքնապաշտպանության կենտրոնները, հայ բռնագաղթյալների մահվան քարավանների ուղիները (Վանի նահանգում նաև ասորիների և եզդիների բռնագաղթն է տրվում), հայ բնակչության զանգվածային և մասնակի կոտորածների վայրերը, համակենտրոնացման ճամբարները, ամայացած բնակավայրերը, ցեղասպանության հետևանքով ավերված վանքերը, եկեղեցիները, բերդերը, մշակութային կենտրոնները, գրեթե ամբողջությամբ ոչնչացված հայկական մատենադարանները և այլն: Քարտեզներում (Վանի և Էրզրումի նահանգներ) առանձնացվում են այն տարածքները, որոնց բնակչությունը փրկվել է` գաղթելով Արևելյան Հայաստան: Տեքստային ձևով տրվում են հայ ժողովրդի հերոսամարտերը, գոյամարտերը (Հաճնի, Սասունի, Շատախի, Մուշի, Շաբին Կարահիսարի և այլն), որոնք վկայում են հայերի անկոտրում ոգու և կենարար կամքի մասին:

Առաջին անգամ է ներկայացվում Հայոց Կիլիկիան իր հերոսական սխրանքներով, 1909թ. և 1915թ. կոտորածներով, Մուսա լեռան հերոսամարտով: Վանի հատակագծում նշվում է Հայկական թաղամաս, որը ցավոք Ցեղասպանության հետևանքով այսօր վերացել է:

Քարտեզներում տրվում են հայկական ինքնավարության հռչակման փաստերը, որոնք երկարատև չգոյատևեցին, բայց զինված թուրքական կառավարության դեմ հայ ժողովրդի անձնազոհ կամքի արտահայտությունն են և հայրենի երկրի վերագրավման աննահանջ ձգտումը:

            <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ը ձեռնամուխ է եղել նաև <<Հայկական հարց (1878-1914թթ.)>> քարտեզի հրատարակմանը:

            <<Հայոց ցեղասպանությունը 1915-1916թթ.>> քարտեզում ներկայացված է արևմտահայության զանգվածային կոտորածները, բռնագաղթի ուղիները, համակենտրոնացման ճամբարները և աշխարհի մի շարք պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը:

            <<Հայաստանն ըստ Սևրի պայմանագրի 10.08.1920թ.>> քարտեզում ներկայացրած է այն տարածքը, որը պետք է միացվեր Հայաստանի Հանրապետությանը, սակայն Սևրի պայմանագիրը չիրագործվեց և 1920թ.դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:

Յուրաքանչյուր քարտեզ ամփոփում է տվյալ թեմայի ողջ պատմական իրավիճակը: Հուսով եմ, որ մեր նախաձեռնությամբ հրատարակված ներքոհիշյալ քարտեզներն էական դեր կունենան ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում, կարող են օգտակար լինել ոչ միայն դպրոցականների, այլև հայոց պատմությամբ զբաղվող ցանկացած ընթերցողի, գիտնականի, դիվանագիտական ծառայողի համար: Այս քարտեզները մեծապես կօգնեն հանրակրթական դպրոցների մանկավարժներին հայոց պատմության առանցքային հարցերին նվիրված դասաժամերը առավել բովանդակալից և առարկայական անցկացնել:

Նման հրատարակությունները պետք է արժևորել և կարևորել սերունդներին  հայրենասիրական ոգով կրթելու և դաստիարակելու գործում: