Դեպի վեր
Նորություններ

16.04.2015

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ 11 ԱՆՈՒՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ԺԱՄԱՆԱԿ


     

  Տիկնայք և պարոնայք, պատվարժան ներկաներ,

  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի առաջարկով կոմիտեի կառուցվածքում գործող <<Գեոդեզիա և քարտեզագրություն>> ՊՈԱԿ-ը քարտեզագրել և հանրությանն է ներկայացնում  թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ, որոնք, ըստ իս, հայ իրականության մեջ պատմաքարտեզագրական մտքի լուրջ ձեռքբերում են և գիտականից բացի, ունեն քաղաքական նշանակություն:

Բարեկամներ, հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է և նշանակալի ավանդ է ներդրել համաշխարհային քաղաքակրթության գանձարանում:

Գտնվելով Արևմուտքն  Արևելքին միացնող մեծ ճանապարհների խաչմերուկում, Հայաստանը հաճախակի դարձել է հին աշխարհի մեծ տերությունների բախման թատերաբեմ, կորցրել   իր անկախությունը և հայտնվել օտար զավթիչների տիրապետության տակ: Քաղաքական անբարենպաստ իրադարձությունների պատճառով հայ ժողովուրդն ավելի քան հինգ դար զրկված է եղել պետականությունից, որի վերականգնմանն են ուղղված եղել նրա լուսավոր զավակների երազանքները, ազգային-ազատագրական շարժումները:

          Հայ ժողովուրդը մեծ ողբերգություն ապրեց հատկապես Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երիտթուրքերի օսմանյան  կառավարությունը, փորձելով ավարտին հասցնել իր նախորդների կողմից իրագործված նախճիրը մեր ժողովրդի նկատմամբ,  1915 թվականին պետականորեն կազմակերպեց և, օգտվելով մեծ տերությունների հանցագործ անտարբերությունից, իրագործեց արևմտահայության Մեծ եղեռնը, որին զոհ գնաց ավելի քան 1.5 մլն մարդ: Այդուհանդերձ, հայ ժողովրդի հերոս զավակները, հաղթելով Սարդարապատի գոյամարտում, կարողացան վերականգնել պետականությունը՝ 1918 թ. մայիսի 28-ին հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետությանը:

 Արդեն 100 տարի թուրք իշխանավորներն ու նրանց եղբայր, մեր ոչ բարի հարևանները փորձում են ինչ-ինչ կեղծիքներով ժխտել, ուրանալ ցեղասպանության փաստը՝ անտեսելով ազնիվ և սթափ մտածող գիտնականների պարզ հարցը՝ լավ, բա ի՞նչ եղան իրենց պատմական հայրենիքում դարեր շարունակ ապրած, քրիստոնեական հազարավոր հուշարձաններ թողած հայերը:

Արխիվային փաստաթղթերին զուգահեռ, թուրքական մերժողականությանը հակահարված տալու հզոր միջոց են պատմական-դեմոգրաֆիկ քարտեզները, որոնց ստեղծմանը ձեռնամուխ են եղել մեր ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ու հրավիրված մասնագետները:

       Ներկայացվող յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ:      

   Հեղինակները, հենվելով անցյալի թե` հայազգի, և թե` օտարազգի պատմաբանների և քարտեզագիրների աշխատությունների վրա, նորովի են ներկայացնում և մեկնաբանում Պատմական Հայաստանի անցյալն ու ներկան, նրա պատմությունն  ու  մշակույթը:

Հայոց Ցեղասպանության փաստը մանրամասնորեն ներկայացվում է Արևմտյան Հայաստանի հայկական նահանգների՝ Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Դիարբեքիրի, Վանի, Սեբաստիայի, Կարսի մարզի, Հայոց Կիլիկիայի (Ադանայի նահանգ) քարտեզներում:

Ցեղասպանության պերճախոս վկաները բնակչության շարժընթացի գրաֆիկներն են, որ տրված են յուրաքանչյուր քարտեզի լուսանցագրում: Օրինակ` Վանի նահանգում` 1914 թ. եղել է 219 000 հայ բնակիչ, 1922թ. մնացել է 600 հայ, Էրզրումի նահանգում` պահպանվել է հայ բնակչության 0.6%-ը :

  Քարտեզներում տրվում են ինքնապաշտպանության կենտրոնները, հայ բռնագաղթյալների մահվան քարավանների ուղիները  (Վանի նահանգում՝ նաև ասորիների և եզդիների բռնագաղթն է տրվում),  հայ բնակչության զանգվածային և մասնակի կոտորածների վայրերը, համակենտրոնացման ճամբարները, ամայացած բնակավայրերը, ցեղասպանության հետևանքով ավերված վանքերը, եկեղեցիները, բերդերը, մշակութային կենտրոնները, գրեթե ամբողջությամբ ոչնչացված հայկական մատենադարանները:

Վանի և Էրզրումի նահանգների քարտեզներում առանձնացվում են այն տարածքները, որոնց բնակչությունը փրկվել է՝ գաղթելով Արևելյան Հայաստան: Տեքստային ձևով տրվում են հայ ժողովրդի Հաճընի, Սասունի, Շատախի, Մուշի, Շաբին Գարահիսարի և այլ հերոսամարտերն ու գոյամարտերը, որոնք վկայում են հայերի անկոտրում կամքի ու ոգու  մասին:

Քարտեզներով առաջին անգամ է ներկայացվում Հայոց Կիլիկիան իր հերոսական սխրանքներով, 1909 և 1915թվականների կոտորածներով, Մուսա լեռան հերոսամարտով, որով հիացած ավստրիացի գրողը շարադրեց իր  <<Մուսա լեռան 40 օրը>>:

  Քարտեզներում տրվում են նաև հայկական ինքնավարության հռչակման փաստերը. Կիլիկիայում` <<Ինքնավար Հայաստան□, Վանում` Արամ Մանուկյանի գլխավորությամբ <<Ժամանակավոր կառավարություն>>, որոնք երկարատև չգոյատևեցին, բայց զինված թուրքական կառավարության դեմ հայ ժողովրդի անձնազոհ կամքի արտահայտությունն են և հայրենի երկրի վերագրավման աննահանջ ձգտումը:

<<Հայկական հարց (1878-1914թվականներ)>> քարտեզում հայկական պետականության վերականգնումն իր արտահայտությունն է գտել մի քանի լուծումներով` ազգային-ազատագրական շարժումներով, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի առաջարկած ծրագրով, Մանդելշտամի նախագծով, Մայիսյան բարենորոգումներով:

<<Հայոց ցեղասպանությունը 1915-1916 թվականներին>> քարտեզում ներկայացված են արևմտահայության զանգվածային կոտորածները, բռնագաղթի ուղիները, համակենտրոնացման ճամբարները և աշխարհի մի շարք պետությունների և կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն  ու դատապարտումը:

<<Հայաստանն ըստ  Սևրի պայմանագրի 10.08.1920 թվական>> քարտեզում ներկայացված է այն տարածքը, որը պետք է միացվեր Հայաստանի Հանրապետությանը, սակայն Սևրի պայմանագիրը չիրագործվեց և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:

  Յուրաքանչյուր քարտեզ ամփոփում է տվյալ թեմայի ողջ պատմական իրավիճակը:

  Այս քարտեզների հրատարակությունը խիստ անհրաժեշտ է ցանկացած ուսանողի, ինչու չէ նաև գիտնականի, դիվանագիտական աշխատակցի համար և, որն ամենակարևորն է, գիտականորեն փաստարկված հակահարված է թուրքական ուրացման ու մերժողական եղկելի քաղաքականությանը:

  Ինձ մնում է, սիրելի ներկաներ, բոլորիս անունից շնորհակալություն հայտնել այս, հիրավի, հայրենասիրական նախաձեռնության հեղինակներին ու բարձր մակարդակով կյանքի կոչողներին, մաղթել նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ: