Դեպի վեր
Նորություններ

13.05.2015

Ուսումնամեթոդական կենտրոնում մեկնարկեցին վերապատրաստման դասընթացները


  Այսօր` մայիսի 13-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ կենտրոնի կողմից կազմակերպվող վերապատրաստման առաջին դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ մարզային ստորաբաժանումների և Մարզերի միավորված ստորաբաժանման երկու տասնյակից ավելի անշարժ գույքի ռեգիստրներ և արխիվի բաժնի աշխատակիցներ: 

  Եռօրյա վերապատրաստման դասընթացների ընթացքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի  մասնագետները ունկնդիրներին կծանոթացնեն գույքի գրանցմանն առնչվող իրավական ակտերին, ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններին, դրանց կիրառման ընթացքում հանդիպող խոչընդոտներին և լուծման ուղիներին:

  Վերապատրաստման անդրանիկ դասընթացի սկզբում ունկնդիրներին ողջունեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանը և հույս հայտնեց, որ վերապատրաստման դասընթացները մեր աշխատակիցներին կզինեն նոր գիտելիքներով, կնպաստեն, որպեսզի վերջիններս ավելի հմուտ կատարեն իրենց վստահված աշխատանքը, դասընթացների ընթացքում կգտնեն նաև գործնական բազմաթիվ հարցերի իրավական ճիշտ լուծումները:

  Հավելենք, որ «Ուսումնամեթոդական կենտրոն»-ը յուրաքանչյուր ամիս կընդունի ունկնդիրների նոր խումբ, իսկ վերաապատրաստման դասընթացներն ավարտողներին «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի կողմից կտրամադրվի հավաստագիր վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներին մասնակցության վերաբերյալ:

 

 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե