Դեպի վեր
Նորություններ

25.05.2015

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի խոսքը կոմիտեի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ


Այսօր` մայիսի 25-ին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը հանդիպել է լրագրողների հետ, հանգամանալից ներկայացրել կոմիտեի կողմից նախորդ և ընթացիկ տարում կատարված և կատարվելիք աշխատանքները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում կոմիտեի նախագահի խոսքը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թվականին հավաքագրվել է շուրջ 3 միլիարդ 697 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է շուրջ 1,3 %-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884 միլիոն դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ ավելացել է շուրջ 1,1 %-ով: Այս տարվա գրեթե հինգ ամիսների ընթացքում հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ 131 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազել է 17 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 279 միլիոն 532 հազար դրամ, որը տարեկան նախատեսվածի համեմատ նվազել է 15,5 տոկոսով:

Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով նույն ժամանակահատվածի համար նախատեսված միջոցառումներից ու գերակա խնդիրներից 2014 թվականի համար նախատեսվածը կադաստրի պետական կոմիտեի կողմից ամբողջությամբ և սահմանված ժամկետներում կատարվել է, 2015 թվականի համար նախատեսվածը գտնվում է ընթացքում և կատարված է 5 ամսվա համար նախատեսվածը:

Դրանք են`

2014 թվականի համար նախատեսված երկու միջոցառումները.

  «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2014 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումն ու կառավարության կողմից դրա հաստատումը և մյուսը. 

   «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացումն կառավարության կողմից դրա հաստատումը: Ընդ որում, նույն միջոցառումները նախատեսված են նաև 2015 թվականի համար, որոնցից առաջինը մարտ ամսին արդեն կատարվել է, իսկ երկրորդի համար ժամկետը նախատեսված է սեպտեմբեր ամսին:

   Եվ 2014 թվականի համար նախատեսված գերակա խնդիրները.

Մոտ 154 միլիոն 709 հազար դրամ ընդհանուր արժողությամբ WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծումը, որի հիմնական նպատակն է WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրումը, որի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի և Սյունիքի մարզերի համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրման հիման վրա իրականացվում է սահմանների ամրացում բնության մեջ, ինչպես նաև համադրման եղանակով տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտում` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները:

Թվային տեղագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո` հանութագրման տարբեր եղանակներով տարբեր տարիների ընթացքում ստացված նյութերի հիման վրա, որի պատճառով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Այսօր ստեղծելով այդ հնարավորությունը` մենք կարող ենք համադրման շնորհիվ բացահայտել որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված տեխնոլոգիական պատճառների: 

Աշխատանքի իրականացման արդյունքում ստեղծվել է նաև Շիրակի և Սյունիքի մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև ազգային գեոդեզիական ցանցի հետ կապակցված համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատներ:

Համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրման և սահմանների ամրացման նպատակով մինչև 2014 թվականը նմանատիպ աշխատանքեր կատարվել էին հանրապետության մյուս 8 մարզերում նույնպես և այսօր հանրապետության ողջ տարածքում այդ աշխատանքներն իրականացվել են, սակայն դրանից հետո «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա 2-րդ հատվածի տարածքները համայնքների վարչական սահմաններում ներառելու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նման աշխատանքներ իրականացնել նաև վարչական սահմաններում ներառված այդ հատվածներում, ուստի համայնքների սահմանների ամրացման և (ՎԻ ՋԻ ԷՍ 84) <<WGS-84>>  համակարգի ամբողջական ներդրումն ավարտելու համար 2015 թվականին որպես գերակա խնդիր նախատեսվել են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` 61 համայնք, Արարատի մարզում` 27 համայնք և Արմավիրի մարզում` 14 համայնք, որոնք 2015 թվականի 5 ամիսների համար նախտեսվածի մասով կատարվել են և գտնվում են ընթացքի մեջ:     

2014 թվականի համար նախատեսված մյուս գերակա խնդիրը մոտ 46 միլիոն 389 հազար դրամ ընդհանուր արժողությամբ Գյումրի քաղաքի 820 հա տարածքում ժամանակակից պահանջներին բավարարող Բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է, որը քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ է տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական և տեքստային տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Այդ տարածքի վրա բազային երկրատեղեկատվական համակարգի համար ստեղծվել է 13120 հա-շերտ և տվյալների բազա է մուտքագրվել 82000 տարր, որի արդյունքում Գյումրի քաղաքի ևս 820 հեկտար տարածքի համար ունենք բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը արտացոլում է տեղանքի արդիական  հավաստի և ամբողջական պատկերը տվյալ ժամանակահատվածում և պարունակում է գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1.  Վարչական սահմանը.

2.  Աշխարհագրական անվանումները.

3.  Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք-շինությունները, դրանց գտնվելու վայրը (հասցեն), կադաստրային ծածկագրերը.

4.  Ջրագրությունը.

5.  Ռելիեֆը.

6.  Գծային ենթակառուցվածքները, այդ թվում`

1) երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության).

2) գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա).

3) հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա).

4) բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա).

5) կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Հարկ է նշել, որ Գյումրի քաղաքի ևս 817 հա տարածքի համար նման աշխատանքներ իրականացվել են 2013 թվականին, իսկ այս տարվա համար նախատեսված է Գյումրի քաղաքի (որի ընդհանուր տարածքը կազմում է 4429,5 հա) ևս 1396 հա տարածքի համար, որոնք գտնվում են ընթացքի մեջ: Պետք է նշեմ, որ բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ  աշխատանքներն իրականացվել են դեռևս 2005 թվականից և 2005-2012 թվականներին իրականացվել ու ավարտվել են Երևան քաղաքի ամբողջ տարածքում: Հետագայում անհրաժեշտ է իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները:

Համայնքների երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում` քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ օպտիմալ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, օպտիմալ պլանավորման և այլ ոլորտների խնդիրների լուծման համար:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 214168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում (2013 թվականին դրանք կազմել են համապատասխանաբար` 190.690 (աճել է 12.3% -ով)   և  732 (աճել է 2.2%–ով), իսկ 2015 թվականի 5 ամիսների ընթացքում, դրանք կազմել են համապատասխանաբար` 72470 (2014թ. 5 ամիսներին` 81589, նվազել է 11,2 տոկոսով) և 235 (2014թ. 5 ամիսներին` 290, նավազել է 19 տոկոսով): Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից 2014 թվականի ընթացքում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 473648 տեղեկատվություն (2013 թվականին այն կազմել է 375.327, աճել է 26.2% –ով 2015 թվականի 5 ամիսներին` 147728, որը նախորդ նույն ժամանակահատվածի (129105) համեմատությամբ աճել է 14 տոկոսով), ինպես նաև ընթացք է տրվել  ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187345 որոշումների կատարմանը (2015 թվականի 5 ամիսներին` 104793, որը նախորդ նույն ժամանակահատվածի (49958) համեմատությամբ աճել է 110 տոկոսով):

2014թ. ընթացքում աշխատակազմի սպասարման գրասենյակների կողմից ընդունվել է 354.552 դիմում (2015թ. 5 ամիսների ընթացքում՝ 115712, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ (135551) նվազել է 15 տոկոսով) և տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ (2015թ. 5 ամիսների ընթացքում՝ 126638, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (139407) նվազել է 9 տոկոսով) և բացի այդ, կոմիտեի ինտերնետային կայքէջում ներդրված` գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում (2015թ. 5 ամիսներին՝ 5323, նախորդ նույն ժամանակատվածում՝  6294, աճել է 12 տոկոսով): Բացի այդ, աշխատակազմի սպասարկման գրասենյակներում կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ 2014թ. ընթացքում կնքվել է 14753 պայմանագիր (2015թ. 5 ամիսներին՝ 5323, նախորդ նույն ժամանակահատվածում՝ 6294, նվազել է 15 տոկոսով: Ընդ որում, դրանցից որևէ մեկով դատական վեճ չի առաջացել և վճիռ չի կայացվել):

Հարկ է նշել, որ 2014 թվականի մայիս ամսից մինչ օրս  համակարգում շարունակելով բարեփոխումները, միաժամանակ իրականացվել են մի շարք միջոցառումներ:

Կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո` համակարգի տարածքային ստորաբաժանումների ու սպասարկման գրասենյակների գործառույթների կազմակերպումը տեղում ուսումնասիրելու, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բացահայտելու, ինչպես նաև քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու նպատակով 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին մարզային այցելությունների ընթացքում կոմիտեի նախագահի կողմից իրականացվեցին նաև քաղաքացիների ընդունելություններ: Արդյունքում ձեռանարկվեցին և իրականացվեցին որոշակի միջոցառումներ համակարգի կողմից իրականացվող գործառույթներն առավել պարզեցնելու, դրանց թափանցիկությունն ու մատչելիությունն ապահովելու, հնարավոր բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու, առկա և կադրային, և տեխնիկական ռեսուրսների օպտիմալ օգտագործման, վարչական ծախսերի կրճատման միջոցով համակարգի գործունեության արդյունավետությունը առավել բարձրացնելու և վերջապես կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառումն ապահովելու նպատակով:

Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ փոխհամաձայնեցված մարզային այցելություններին մասնակից են դարձվում մարզի բոլոր գյուղական ու քաղաքային համայնքների ղեկավարներն ու մարզպետները, որը հնարավորություն է ընձեռնում տեղում կարգավորելու կադաստրի համակարգին առնչվող բազմապիսի հարցեր: 2015 թվականին նման այցեր են կազմակերպվել Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզեր և դրանք կրում են շարունակական բնույթ:  

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետագա խորացման արդյունքում հաշվետու ժամանակահատվածում հնարավոր դարձավ Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորման հիման վրա կազմավորել «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ` բնակիչների և աշխատակիցների համար ապահովելով առավել հարմարավետ պայմաններ-ֆիզիկական սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու համար կազմակերպվել է թեքահարթակ, հնարավորություն է ընձեռվել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, հայրենական մեծ պատերազմի, ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին, օրենսդրությամբ նրանց հավասարեցված անձանց ապահովել արտահերթ սպասարկմամբ, ծառայությունը ստանալուց հետո քաղաքացուն հնարավորություն է տրվել սենսորային էկրանի միջոցով գնահատել ստացած ծառայության որակը, գնահատել գրասենյակի աշխատակցի գործունեությունը, որը, դիմում-բողոքների արկղերում առաջացող առաջարկությունների ամսական քննարկումների արդյունքների հետ միասին, էական ազդող գործոն է հանդիսանում աշխատակիցների խրախուսման կամ վարչական պատասխանատվության կիրառման համար: Երևան քաղաքում սպասարկման 5 գրասենյակներից ձևավորելով 3-ը` տարածքների վարձավճարների, պահպանության, տեխնիկական սպասարկման ծախսերի կրճատման, հաստիքների արդյունավետ օգտագործման միջոցով ապահովվեց տարեկան շուրջ 76 միլիոն դրամի խնայողություն, որն ուղղվում է համակարգի հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը:

Քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռնելու նպատակով, օրենսդրական փոփոխությունների հիման վրա հետագայում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց, իսկ` որպես այլընտրանք, 2015 թվականի հունվարի սկզբից հնարավորություն տրվեց նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ` ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:  Առաջիկայում նախատեսվում է նման կարգավիճակ տրամադրել նաև արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպաններին ու հյուպատոսներին` անշարժ գույքի հետ առնչվող հարցերում սփյուռքի մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար:

Բացի այդ, 2014 թվականի տարեվերջին որպես պիլոտային ծրագիր, կոմիտեի աշխատակազմի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևան քաղաքում, որպես կոմիտեի աշխատակազմի մեկ առանձնացված կառույց, կազմավորվել է «Մարզերի միավորված» ստորաբաժանումը, որը տարածությամբ հեռացնելով գործարքի ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրից, առավել սահմանափակվել է գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփման, ծանոթության, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը, դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառմանը: Նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն հարկի տակ են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր (ևս 550 հազար միավոր գործեր գտնվում են Երևանի տարածքային ստորաբաժանումում), որով հնարավորություն է ընձեռվում խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներն իրականացնելու համար կարևոր նշանակություն ունեցող, սակայն տարիներ ի վեր կուտակված խիստ թերի արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման, տեսաներածման թերությունները վերացնելու, ինչպես նաև՝ առանց հիմնական աշխատանքից երկարատև կտրվելու, կադրերի վերապատրաստման գործառույթն ապահովելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառման արդյունքում ակնկալվում է տարեկան շուրջ 30 միլիոն դրամի խնայողություն:

Նույն ժամանակահատվածում անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական է տրվել 37 հայտատուի (ընդամենը տրված է 151 անձանց, ովքեր ներկայումս տվյալ գործունեությամբ զբաղվում են 80 իրավաբանական անձանց կազմում և 8-ը՝ որպես անհատ ձեռնարկատեր) և քարտեզագության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 22 հայտատուի (ընդամենը տրվել է 318 անձանց, ովքեր ներկայումս տվյալ գործունեությամբ զբաղվում են 236 իրավաբանական անձանց կազմում և 82-ը՝ որպես ձեռնակատեր): Տեղ գտած թերությունների համար կոմիտեի նախագահի հրամաններով նրանցից գնահատողի որակավորման 9 վկայականների և քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության, որակավորման 10 վկայականների գործողությունը դադարեցվել է: 

Կոմիտեի կողմից իրականացվող որակավորման քննությունների անցկացման լսարանը կահավորվել է ձայնատեսախցիկներով, որը հնարավորություն է ընձեռում առցանց ռեժիմով հսկողություն իրականացնել քննությունների անցկացման ընթացքի նկատմամբ:

Կոմիտեի նախագահի ու նախագահի  տեղակալների կողմից հաջորդաբար՝ յուրաքանչյուր երկուշաբթի, կոմիտեում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում լուծում տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմում է վերցվում դրանց հետագա ընթացքն ապահովելու համար: Ընդ որում, կոմիտեի նախագահի կողմից իրականցվող ընդունելություններին վերջին ժամանակաշրջանում նկատվում է այցելուների աճ, չնայած՝ ներկայացվող հարցերի մի մասի լուծումը կամ չի մտնում կադաստրի համակարգի իրավասությունների մեջ, կամ կադաստրի համակարգին վերաբերելու դեպքում էլ բխում է տարիներ առաջ իրականացված գործարքներից կամ գործարքներից ծագող իրավունքների գրանցումը կատարելու մերժումներից: 2014 թվականի ընթացքում կոմիտեում մուտք է եղել 775 դիմում-բողոք կամ գրություն (2015 թվականի 5 ամիսներին` 313, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 169, աճել է 85 տոկոսով) և կոմիտեի նախագահի ու նախագահի տեղակալների կողմից կազմակերպվող ընդունելություններին մասնակցել են 207 անձինք (2015 թվականի 5 ամիսներին` 118, նախորդ նույն ժամանակահատվածում` 71, աճել է 66 տոկոսով):

Տարիների ընթացքում համակարգը համալրվել և համալրվում է մասնագետներով, ովքեր, չնայած անցնում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ընթացակարգերով, կադաստրի համակարգի գործառույթների իրականացման առանձնահատկություններից ելնելով, կարիք ունեն առավել խորությամբ ու մանրամասն տիրապետելու անշարժ գույքին առնչվող բազմաթիվ օրենսդրական ու նորմատիվ ակտերին ու դրանց պահանջների գործնական կիրառմանը, ուստի համակարգի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացման հարցը առանց աշխատակիցներին հիմնական աշխատանքից կտրելու, գործանական պարապմունքներով համալրվող պարբերաբար դասընթացներ կազմակերպելու միջոցով, լուծելու համար ՀՀ կառավարության որոշմամբ կոմիտեի ենթակայությամբ ստեղծվել է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ստեղծման կարևորագույն խնդիրն է նաև կադրային բազայի ստեղծումը: Դասընթացների միջոցով հնարավորություն կտրվի բուհերն ավարտած մասնագետներին՝ մասնակցելու դասընթացներին, ինչպես նաև գործնական պարապմունքներին, ձեռք բերել որոշակի մասնագիտական գիտելիքներ, նաև որոշակի հմտություններ և համալրել համակարգի կադրային բազան, որը հետագայում սահմանված կարգով աշխատանքի ընդունելիս նախապատվություն կարող է ապահովել:

«Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումից հետո 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների (Երևանի պետական Համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական Համալսարանի, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանի) հետ կնքվել են համագործակցության պայմանագրեր, որը հնարավորություն կընձեռնի այդ ԲՈՒՀ-երի ուսանողներին գործնական պարապմունքներն անցկացնել նաև կադաստրի համակարգում, ըստ անհրաժեշտության ձեռք բերել անշարժ գույքին առնչվող առավել խորացված գիտելիքներ, իսկ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նաև անցնել աշխատանքի անշարժ գույքի կադաստրի համակարգում:

ՊՈԱԿ-ի գործունեությունը իրականացվում է Հայաստանի Հանրպաետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ամրացված Երևան քաղաքի N35/2 հասցեում, որտեղ գործում են նաև կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանումը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանումը, «Արաբկիր» սպասարկման գրասենյակը և «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ իրենց արտադրական բազաներով, չափաբանական գործիքակազմով, էլեկտրոնային ծրագրերով, կադաստրային ու քարտեզագրական արխիվով:

Շարունակվել է համագործակցությունը ԱՊՀ երկրների Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի անդամ կազմակերպությունների հետ: Կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Աստանայում կայացած խորհրդի հերթական 36-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Շարունակվել է համագործակցությունը «Եվրոգեոգրաֆիկս» կազմակերպության հետ, որի՝ Վարշավայում կայացած Գլխավոր համաժողովին մասնակցել է կոմիտեի ներկայացուցիչը:

Շարունակվել է համագործակցությունը նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Հողային ռեսուրսների կառավարում» աշխատանքային խմբի, Գեոդեզիստների միջազգային ֆեդերացիայի և կադաստրի ոլորտում գործող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ:

Ստորագրվել է Լեհաստանի Հանրապետության Գեոդեզիայի  և քարտեզագրության գերատեսչության Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի միջև գերծընկերության պայմանագիր:

 Շարունակվել է համագործակցությունը հայ-նորվեգական «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրի շրջանակներում: Նշված ծրագրի շրջանակներում հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված ուկրաինական «Ավիացիոն հաշվարկային կենտրոն» ՍՊԸ-ի կողմից իրականացվել է Հայաստանի Հանրապետության զգալի մասի (13500 քառ. կմ, մոտ 82 %) օդային լուսանկարահանումը և լազերային սկանավորումը  (մոտ 60 %), որի մշակման արդյունքում կստացվեն օրթոլուսանկարներ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2015 թվականի 1-ին եռամսյակում:

Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է նաև «Կադաստրի տեղեկագիր» ամսագրի պարբերական հրատարակումը, կոմիտեի կայքէջի մշտական թարմացումը: Կայքում զետեղվել են համակարգին վերաբերող բոլոր օրենսդրական և նորմատիվ ակտերի նախագծերը և կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Ձեր օգնությամբ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են կադաստրի համակարգի գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները:

Ապահովվել է անշարժ գույքի շուկայի համակարգված  դիտարկումների արդյունքների հիման վրա պատրաստված հոդվածների պարբերական հրապարակումներ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում  և այլ պարբերականներում, ինչպես նաև լուսաբանումներ զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման վերլուծությունը հետևյալ պատկերն ունի.


Գործարքի տեսակը

2013թ.

2014թ.

Աճը

միավոր

%

Օտարում

48716

51082

2366

4.9%

Գրավադրում

24055

24589

534

2.2%

Վարձակալություն

8542

7980

-562

-6.6%

 

Ստորև նշված աղյուսակում ներկայացված է 2014թ. մայիս - 2015թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի շուկան առավել բնութագրող օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները.


Գործարքի տեսակը

05.2013թ.-04.2014թ.

05.2014թ.-04.2015թ.

Աճը

միավոր

%

Օտարում

60785

50952

-9833

-16.2%

Գրավադրում

30853

21812

-9041

-29.3%

Վարձակալություն

10560

7562

-2908

-27.5%

 

Հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման պետական լիազորված մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ իր Գեոդեզիայի և հողային պետական տեսչության միջոցով իրականացրել է տեսչական ստուգումներ ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Սյունիքի, և Տավուշի մարզերում՝ հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողային օրենսդրության, պահանջների պահպանման, տարածքային կառավարման մարմինների՝ հողային հարաբերությունների բնագավառում իրականացվող գործունեության, նոր հողերի յուրացման նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ համապատասխան միջնորդություններ են ներկայացվել մարզպետներին:

Հարկ եմ համարում նշել նաև, որ համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի համակարգի կողմից մշտական մեթոդական և այլ օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրի համակարգին, մեր կողմից համապատասխան տեխնիկական միջոցներ են տրամադրվել Ղարաբաղի կադաստրի համակարգին, ապահովվել է մասնագետների ուսուցումը՝ իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար: Ավելին՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հնարավորություն ստեղծվեց, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները տրվեն ու դրանց պատասխանները դիմողներին տրամադրվեն առանց մյուս հանրապետության գրասենյակ ներկայանալու:

Համակարգի կողմից իրականացվող գործառույթներն առավել պարզեցնելու, բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակն ավելի բարձրացնելու, իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների  ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը ապահովելու ուղղությամբ դեռևս անելիքներ ունենք:

Կատարված դրական աշխատանքների համար համակարգի աշխատակիցները  արժանացել են տարբեր խրախուսանքների, սակայն դրա հետ մեկտեղ կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից առանձին աշխատակիցների մոտ հայտնաբերվել են  թերություններ և բացթողումներ, որի համար վերջիններս ենթարկվել են տարբեր կարգապահական տույժերի: