Դեպի վեր
Նորություններ

10.06.2015

Ստորագրվեց հուշագիր կադաստրի պետական կոմիտեի և Երկրապահ կամավորականների միության միջև


  Հունիսի 9-ին ԵԿՄ վարչական շենքում գործակցության եւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Երկրապահ կամավորականների միության միջև:

  Հիշեցնենք, որ նախկինում միությունը նմանատիպ հուշագրեր էր ստորագրել պաշտպանության, կրթության եւ գիտության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների հետ: 

   Երկրապահական ավանդույթներին հավատարիմ` մինչ միջոցառումն սկսելը ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, իսկ բուն միջոցառումն սկսվեց հոգեւորականի օրհնանքի խոսքով:

   Կադաստրի պետական կոմիտեի և ԵԿՄ-ի միջև եղած համագործակցությունը տարեցտարի էլ ավելի է ընդլայնվում և ունի շարունակական բնույթ: Հուշագրի ստորագրումը էապես կնպաստի այդ գործակցության խորացմանն ու ընդլայնմանը:

    Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը իր խոսքում գոհունակությամբ նշեց, որ կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Մարտին Սարգսյանի առաջին կարգադրությունը եղել է զոհված, անհետ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների ընտանիքներին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը հեշտացված կարգով տրամադրելու հրամանը: Պարոն Գրիգորյանը հավելեց, որ ԵԿՄ-ն բարձր է գնահատում այն վաստակը, որ Մարտին Սարգսյանը ունի երկրի շենացման, ինչպես նաև երկրապահ կամավորականներին աջակցելու գործում:

   Հավելենք, որ ԵԿՄ վարչության նախագահի հրամանով կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը պարգեւատրվեց «Երկրապահ 25-ամյակ» հոբելյանական մեդալով:

  Ստորև ներկայացնում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի ելույթն ամբողջությամբ:

          Հարգելի երկրապահ կամավորականներ,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորել հուշագրի ստորագրման կապակցությամբ և ողջունել Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին, երիտասարդ և ավագ սերնդի բոլոր երկրապահներին: Ես ևս ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել զոհված և անհետ կորած մեր բոլոր երկրապահ ընկերների հարազատներին:

Արցախյան հերոսամարտը, որը հայ ժողովրդի անկոտրում կամքի ու խիզախ ոգու դրսևորումներից է, նաև երկրապահ կամավորականների անմիջական մասնակցությամբ դարձավ մեր նորանկախ պատմության  փառավոր էջերից:

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում կադաստրի պետական կոմիտեն և «Երկրապահ կամավորականների միությունը» հիմք են ստեղծում փոխըմբռնման, փոխօգնության ու համագործակցության համար: Մեր կողմից կարող են տրամադրվել ուսուցողական նյութեր, որոնք կնպաստեն հայրենասեր սերունդ դաստիարակելու ծրագրերի իրականացմանը 

Երկրապահ կամավորականների մոտ առաջացած անշարժ գույքի կադաստրի հետ կապված ցանկացած խնդիր կարող է համատեղ քննարկման առարկա դառնալ, և կփորձենք համատեղ գտնել լուծումներ:

Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է նաև «Երկրապահ կամավորականների միության» անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների մասնակցության ապահովում կադաստրի պետական կոմիտեի, բոլորովին վերջերս ստեղծված, «Ուսումնամեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին, որոնք հնարավորություն կտան առավել հանգամանորեն ծանոթանալ անշարժ գույքին առնչվող հարցերի հետ և միգուցե երիտասարդներին կօգնի մասնագիտության հարցում:

Մեկ անգամ ևս ողջունում և շնորհավորում եմ բոլոր ներկաներին այն վստահությամբ ու հավատով, որ մեր նախաձեռնությունը շատ շուտով կյանքի կկոչվի, և մեր համագործակցությունը երկուստեք օգտակար կլինի:

Շնորհակալություն բոլորին: