Դեպի վեր
Նորություններ

24.09.2015

Նախատեսված ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ և սահմանված ժամկետներում


  <<Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> ՀՀ կառավարության 15.01.2015 թվականի N 111-Ն որոշմամբ 2015 թվականի 1-ին կիսամյակում նախատեսված միջոցառումներն ու գերակա խնդիրները ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվել են ամբողջությամբ և սահմանված ժամկետներում:

  Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով  նախատեսված <<Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու վերաբերյալ միջոցառումը սահմանված ժամկետում կատարվել է և 19.03.2015 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության N 275-Ն որոշումը:

  2015 թվականի առաջին կիսամյակի համար որպես գերակա խնդիր նախատեսված WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիա­կան կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներն ամբողջությամբ կատարված են (կազմվել են տեխնիկական 3 նախագծեր):

Այդ աշխատանքների հիմնական նպատակն է հանդիսանում WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրումը, համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրման հիման վրա սահմանների ամրացումը բնության մեջ, ինչպես նաև տեղագրական և կադաստրային քարտեզների ճշգրտումը համադրման եղանակով` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը և քարտեզները:

  Թվային տեղագրական քարտեզները հիմնականում ստեղծվել են Հայաստանի Հանրապետության համայնքների կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո` տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա, որի պատճառով հնարավոր չէր կատարել նշված երկու քարտեզների համադրման աշխատանքները: Այսօր ստեղծելով այդ հնարավորությունը մենք կարող ենք համադրման շնորհիվ բացահայտել որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված տեխնոլոգիական պատճառների: 

  Աշխատանքի իրականացման արդյունքում ունենք համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատները` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

Ծրագրով 1-ին կիսամյակի կտրվածքով գերակա խնդիր է նախատեսվել նաև բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները Գյումրի քաղաքի 1396,1 հա տարածքում: Այդ ուղղությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները`

-  Տեխնիկական նախագծի կազմում.

-  գրասենյակային 1396.1 հա վերծանում.

-  դաշտային 700 հա վերծանում.

-  նախորդ տարիների կատարված երկրատեղեկատվական և կադաստրային 1637.3 հա նյութերի համադրում օդալուսանկարների հետ և ճշգրտում.

-  նախորդ տարիների կատարված 1637.3 հա նյութերի ճշգրտում.

-  ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների հանութագրում 700 հա կառուցապատ տարածքներում.

-  օդալուսանկարների հիման վրա 700 հա հատակագծերի թվայնացում.

-  բազային ԵՏՀ համար 11200 հա շերտ անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում.

-  բազային ԵՏՀ համար 70000 տարր տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա:

Իրականացված աշխատանքի նպատակը ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Գյումրի քաղաքի 1396,1 հեկտար տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական և տեքստային տվյալների պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Այդ նպատակով ստեղծվում է անհրաժեշտ, հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված տարածքի տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2015 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է շուրջ 83550 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում, աշխատակազմի <<Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն>> ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին,  քաղաքացիներին և կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ 172675 տեղեկատվություն, որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 6086, սոցիալական ծառայության տարածքային մարմիններին` 155650, ինչպես նաև ընթացք է տրվել  ՀՀ  արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 137331 որոշումների կատարմանը:

Հարկ է նշել նաև, որ կոմիտեի նախագահի ու նախագահի  տեղակալների կողմից հաջորդաբար՝ յուրաքանչյուր երկուշաբթի, կոմիտեում իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում նրանց կողմից բարձրացված հարցերին տեղում լուծում տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմում է վերցվում դրանց հետագա ընթացքն ապահովելու համար:

Դեռևս 2014 թվականից կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց հետ միասին կոմիտեի նախագահի կողմից համակարգի մարզային կառույցներում իրականացվել է այցեր, որոնց ընթացքում նաև կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն` համակարգի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի մասին կարծիքներ և մեկնաբանություններ լսելու և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:

2015 թվականին այցերի շրջանակն ընդլայնվել է, դրանք իրականացվում են մարզպետների, մարզպետարանի աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Մարզային այցերի հիմնական նպատակն է յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և կանոնակարգել հետագա աշխատանքները` քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր որակով ապահովելու համար: Այցերը հնարավորություն են տալիս աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում առկախ մնացած խնդիրները: Համայնքների ղեկավարների հետ քննարկվում են կադաստրի բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման` քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, փաստաթղթերը չպահպանված գույքերի նկատմամբ իրավունքների ճանաչման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներին առնչվող հարցեր: Գրագրության միջոցով հարցերը պարզաբանելու փոխարեն հնարավորություն է տրվում տեղում անդրադառնալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կամ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերին և քննարկման արդյունքում դրանց օպերատիվ լուծումներ տալ:

Հավատարիմ մնալով որդեգրած գործելաոճին` կադաստրի պետական կոմիտե-տեղական ինքնակառավարման մարմին-քաղաքացի կապն առավել անմիջական և արդյունավետ դարձնելու նպատակով  ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: