Դեպի վեր
Նորություններ

28.10.2015

Գիտարշավ դեպի Արագած լեռ


  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի  գեոդեզիական դիտարկումների և չափաբանության բաժնի աշխատակիցներ  Դերենիկ Գալստյանը, Շահեն Շահինյանը և գիտատեխնիկական բաժնի աշխատակից Հայկ Ավդալյանը, իրենց նախաձեռնությամբ 2015 թ. սեպտեմբերի 8-ից 10-ը կազմակերպեցին գիտարշավ Արագած լեռան ամենաբարձր` Հյուսիսային գագաթը: Գիտարշավի նպատակն էր ժամանակակից արբանյակային GPS սարքավորումների միջոցով բարձր ճշտությամբ չափել Արագած լեռան Հյուսիսային գագաթի բարձրությունը ծովի մակարդակից:

Խմբին հաջողվեց լինել ամենաբարձր կետից  ոչ հեռու գտնվող բարձունքում (կեղծ գագաթում), որտեղ նրանք ամրացրել են ԱԳԿ (արբանյակային գեոդեզիական կետ) -0908 համարի հիմնակետ և կատարել դիտարկումներ ստատիկ և կինեմատիկ ռեժիմներում` Leica GNSS GS 10/15 ռովեր կայանի միջոցով, որը թույլ է տալիս որոշել կետի բացարձակ բարձրությունը 1սմ ճշտությամբ ՀՀ տարածքում 2013 թ. ներդրված ռեալ ժամանակում աշխատող մշտական գործող ռեֆերենց կայանների նկատմամբ:

Ներկայումս ԱԳԿ-0908 համարի հիմնակետը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր արբանյակային դիրքորոշման գեոդեզիական կետը, որի բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4083.54 մ: Արշավի ընթացքում խմբի կողմից որոշվել է նաև Արագած լեռան հարավային բարձրադիր լանջին գտնվող Քարի լճի բացարձակ բարձրությունը, որի բարձունքային նիշը հավասար է 3189.2 մ-ի:

Ներկայումս «Գեոդեզիա և Քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից տարվում են Հայաստանի Հանրապետությունում քվազիգեոիդի մոդելի ճշտության աստիճանի բարձրացման գեոդեզիական աշխատանքներ: Հետագայում նոր տեղադրված հիմնակետի նորմալ բարձրությունը եռանկյունաչափական նիվելիրացման եղանակով որոշելու դեպքում, հնարավոր կլինի բարելավել կամ բարձրացնել ՀՀ տարածքի քվազիգեոիդի մոդելի ճշտության աստիճանը տվյալ տարածաշրջանում:

Արշավախմբի կողմից սա մի փոքրիկ ներդրում է Հայաստանում քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների որակի բարձրացման գործում:

Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ, և նշված եղանակով կդիտարկվեն ու կճշգրտվեն Հայաստանում հայտնի ամենաբարձր լեռների գագաթների բարձունքային նիշերը:

 

 

ՀՀ ԿԱ անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտե