Դեպի վեր
Նորություններ

14.01.2016

ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման ցանկերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանք


 

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից նախատեսվել է կատարել 2015 թվականի միջոցառումների ծրագրի` 64-րդ, 65-րդ և գերակա խնդիրների` 33-րդ, 34-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի`

 

64-րդ կետով տրված հանձնարարականի միջոցառման անվանումն է` «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2015 թվականի կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` 2015թ. մարտի 3-րդ տասնօրյակում: Հանձնարարականը կատարված է ժամկետում, որի կապակցությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 275-Ն որոշումը:

65-րդ կետով տրված հանձնարարականի միջոցառման անվանումն է` «Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը` 2015թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակում: Հանձնարարականը կատարված է ժամկետում, որի կապակցությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 15.10.2015թ. N 1189-Ն որոշումը:

 

Գերակա խնդիրներ`

 

33. ՀՀ համայնքների սահմանների ամրացում և (ՎԻ ՋԻ ԷՍ-84) <<WGS-84 >> համակարգի ամբողջական ներդրման ավարտում, որից այլ մարմիններ և անձինք հնարավորություն կունենան օգտվելու  

 

2015 թվականին նախատեսված այս ուղղությամբ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 57189.5  հազ. դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կատարված են:

Աշխատանքի հիմնական նպատակն է հանդիսացել ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի <<WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին>> N 791-Ն որոշման պահանջների համաձայն WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ներդրման նպատակով 2015 թվականին ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի մարզերի համայնքների վարչական տարածքների համար  իրականացնել տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների ու հատակագծերի համադրում` հիմք ընդունելով հանրապետությունում բազային հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական օրթոֆոտոհատակագծերը, քարտեզները, իսկ այն խոշոր քաղաքները, որոնք ունեն 1:2000 մասշտաբի տեղագրական հատակագծեր` հիմք ընդունել այդ հատակագծերը:

Տարբեր տարիների ընթացքում հանութագրման տարբեր եղանակներով ստացված նյութերի հիման վրա հնարավոր չէր կատարել տեղագրական և կադաստրային քարտեզների համադրման աշխատանքները: Ներկայիս տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այդ քարտեզները միմյանց հետ համադրել, որի արդյունքում ի հայտ են գալիս որոշ շեղումներ, որոնք հետևանք են վերը նշված պատճառների: Այսօր տարբեր խնդիրների լուծման համար շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում այդ երկու քարտեզներում առկա տվյալները համադրել:

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի հիման վրա հետագայում հնարավոր կլինի իրավական ձևակերպում ստացած համայնքների վարչական սահմանների սահմանագծի հանգուցային կետերն ամրացնել բնության մեջ, ինչը թույլ կտա համայնքներին ունենալ պատշաճ ձևակերպված և տեղանքում ամրացված վարչական սահմաններ` իրենց կոորդինատներով և ուրվագծերով, որը հնարավորություն կտա ցանկացած պահին վերականգնել ոչնչացված սահմանասյան գտնվելու տեղը:

Աշխատանքների իրականացման նպատակով հիմնականում ուշադրություն է դարձվել տեղագրական և կադաստրային քարտեզներում ու հատակագծերում առկա ճանապարհային ցանցին, ջրագրությանը, թաղամասերի արտաքին սահմանագծին, համայնքների վարչական սահմաններին, գծային օբյեկտներին և տարածքում առկա հստակ արտահայտված այլ խոշոր օբյեկտներին (շենք, շինություն, պարիսպ և այլն):

Ծրագրի իրականացման  համար կատարվել է`

ա) աշխատանքների իրականացման տեխնիկական նախագծերի կազմում /ըստ մարզերի/,

բ) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրում և դրա արդյունքում առաջացած անճշտությունների ուղղում,

գ) կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզների համադրման արդյունքում հայտնաբերված  անճշտությունների դաշտային հանութագրում /ընդհանուր  տարածքի մակերեսի մինչև 2%-ի չափով/,

դ/ համայնքների վարչական սահմանների սահմանագծերի հանութային և շրջադարձային կետերի կոորդինատների վերահաշվարկում և կատալոգների կազմում:

Աշխատանքների իրականացման արդյունքում կունենանք ՀՀ Արագածոտն-61, ՀՀ Արարատ-27, ՀՀ Արմավիր - 14 մարզերի համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքների վարչական սահմանների նկարագրման քարտեզներ, ինչպես նաև համայնքների սահմանների հանգուցային և շրջադարձային կետերի կոորդինատներ` կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ:

Կատարվել են ժամանակացույցով սահմանված հետևյալ աշխատանքները`

 - Տեխնիկական 3 նախագծերի կազմում,

 - դաշտային դիտարկումների հիման վրա 2787 շրջադարձային կետերի որոշում, ուրվագծերի կազմում, կոորդինատների որոշում,

- 2787  սահմանանիշերի դաշտային դիտարկումների արդյունքների մշակում, հավասարակշռում, կոորդինատների հաշվարկում և կատալոգների կազմում,

- 102 համայնքների կադաստրային, տեղագրական և համայնքների վարչական սահմանների քարտեզների համադրման աշխատանքներ,

- Տեխնիկական 3 հաշվետվությունների կազմում:

  Մինչև 2015 թվականն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Շիրակի և Սյունիքի մարզերի տեղանքում (բնության մեջ) սահմանված նմուշի սահմանանիշերով վարչական սահմանների սահմանագծերի հանգուցային և բնորոշ կետերի ամրացման ու դրանց կապակցման  աշխատանքները WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված ազգային  գեոդեզիական ցանցին, ինչպես նաև համայնքների  վարչական տարածքների տեղագրական և կադաստրային քարտեզների ու հատակագծերի համադրման աշխատանքները:

 

34. ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (շահառուների) համար բազային երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծում Գյումրի քաղաքում  (1396.1 հա) 

 

2015 թվականին նախատեսված այս ուղղությամբ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 64108.1 հազ. դրամ: Աշխատանքներն ամբողջությամբ կատարված են:

2015 թվականին իրականացված աշխատանքի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն է Գյումրի քաղաքի 1396.1 հեկտար տարածքի վերաբերյալ: Այն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծման, բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (քարտեզագրական և տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծման և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման համար:

Այդ նպատակով իրականացվել են անհրաժեշտ հավաստի և ամբողջական տեղեկատվություն նշված տարածքի տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ տվյալներ, այդ թվում հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ենթակառուցվածքի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի մասին:

      Ծրագրի իրականացման արդյունքում կունենանք Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքի 1396.1 հեկտար տարածքի բազային երկրատեղեկատվական համակարգի տեղեկատվական բանկ, որը կարտացոլի տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում և կպարունակի   գրաֆիկական և տեքստային հետևյալ տվյալները.

1.    Վարչական սահմանը,

2.   Աշխարհագրական անվանումները,

3.   Անշարժ գույքը, այդ թվում` հողային ֆոնդը, շենք, շինությունները, գտնվելու վայրը/հասցեն/, կադաստրային ծածկագիրը,

4.   Ջրագրությունը,

5.   Ռելիեֆը,

6.   Գծային ենթակառուցվածքները, այդ թվում.

  • երկաթգծեր և ավտոմոբիլային ճանապարհներ (միջպետական, պետական, տեղական նշանակության),
  • գազատարներ, ջրատարներ, նավթամուղեր (վերգետնյա, ստորգետնյա),
  • հեռահաղորդակցության կապուղիներ (վերգետնյա, ստորգետնյա),
  • բարձր լարման էլեկտրահաղորդագծեր (վերգետնյա, ստորգետնյա),
  • կոմունալ ենթակառուցվածքներ (վերգետնյա, ստորգետնյա):

Ստեղծված բազային երկրատեղեկատվական համակարգը հիմք է հանդիսանալու գերատեսչական տարբեր ոլորտների, այդ թվում քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերական, անշարժ գույքի կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության, արտակարգ իրավիճակների ժամանակ արդյունավետ և օպերատիվ որոշումների կայացման, հանրապետության մարզերի, համայնքների և առանձին տարածքների զարգացման, արդյունավետ պլանավորման և այլ ոլորտների  խնդիրների լուծման համար:

Կատարվել են ժամանակացույցով սահմանված հետևյալ աշխատանքները`

- Տեխնիկական նախագծի կազմում,

- գրասենյակային 1396.1 հա վերծանում,

- դաշտային 1396,1 հա վերծանում,

- նախորդ տարիների կատարված երկրատեղեկատվական և կադաստրային 1637.3 հա նյութերի համադրում օդալուսանկարների հետ և ճշգրտում,

- նախորդ տարիների կատարված 1637.3 հա նյութերի ճշգրտում,

- ստորգետնյա մայրուղային հաղորդակցուղիների 1396,1 հա հանութագրում կառուցապատ տարածքներում,  

- օդալուսանկարների հիման վրա 1396,1 հա հատակագծերի թվայնացում,

- բազային ԵՏՀ համար 22337,6 հաxշերտ անհրաժեշտ շերտերի ստեղծում, դասակարգում, թերթերի համակցում,

- բազային ԵՏՀ համար 139610 տարր տվյալների հավաքագրում և ներմուծում տվյալների բազա,

- Տեխնիկական հաշվետվության կազմում:

Համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ  2005-2012 թվականներին աշխատանքներ են իրականացվել Երևան քաղաքի, իսկ 2013 թվականին սկսվել են Գյումրի քաղաքի վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները:

Աշխատանքներն անհրաժեշտ է շարունակել Գյումրի քաղաքի այլ  տարածքներում:

Մոտակա տարիների ընթացքում անհրաժեշտ է իրականացնել նաև ՀՀ բոլոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզների ստեղծման աշխատանքները: