Դեպի վեր
Նորություններ

29.02.2016

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


23.02.2016թ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1256 որոշմամբ սահմանեց` մեջբերում ենք.

«ՈՐՈՇԵՑ.

1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առու­մով փոխկապակցված 32-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահ­մանադրության 34-րդ, 51-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող, այնքա­նով, որ տարբե­րակված մոտեցում չեն սահմանում, երբ տեղեկատվու­թյունը վերաբերվում է անձի՝ իր մասին հայցվող տեղեկությանը, ինչպես նաև տեղե­կատվության ազատու­թյան` օրենքով սահմանված երաշխիքների իրացմանը: 

2. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշ­տու­թյունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հան­րապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորց­նելու վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի նոյեմբերի 1-ը՝ հնարավորու­թյուն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հան­րապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենք­ների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատաս­խա­նեց­նելու սույն որոշման պահանջներին` հաշվի առնելով իրավունքների սահմա­նա­փակման առնչությամբ 2015թ. Սահմանադրական փոփոխություններով ամրագր­ված նոր հստակեցումները։......»:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքի /այսուհետ` Օրենք/ 73-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված տեղեկատվության համար սահմանված է վճար 1000 դրամի չափով: Ընդ որում, Օրենքով սահմանված են նաև արտոնություններ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ նույն տեղեկատվությունը սահմանված չափի 50%-ի չափով տրամադրելու վերաբերյալ և բացի այդ, մի շարք մարմիններին անվճար տրամադրելու վերաբերյալ:

Կադաստրի համակարգի կողմից արդեն իսկ մշակվել էին Օրենքում փոփոխություններ ու լրացումներ, որոնք ուղարկվել էին շահագրգիռ մարմինների քննարկմանը: Այդ ընթացքում փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սահմանադրության մեջ, որի հիման վրա Օրենքի նախագծում լրացվեց նոր փոփոխություն, որով նախատեսվեց անվճար տեղեկատվության տրամադրում նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին՝ անվճարունակ անձանց, ինչպես նաև անձի իրավունքի պաշտպանության համար կարևոր կամ հանրային նշանակություն ունեցող անվճար տեղեկատվություն ստանալու համար:

ՀՀ Սահմանադրության փոփոխություններից և ՍԴ 23.02.2016թ. որոշման պահանջներից ելնելով ՀՀ Սահմանադրության փոփոխություններին Օրենքի առանձին հոդվածների համապատասխանեցման նպատակով  Կադաստրի պետական կոմիտեի կողմից կմշակվեն դրույթներ տեղեկատվության տրամադրման տարբերակված մոտեցումներ դրսևորելու առումով, որոնք ՍԴ որոշմամբ սահմանված ժամկետում կյանքի կկոչվեն:

Հարկ է նշել, որ անկախ ՍԴ վերը նշված որոշումից, կադաստրի համակարգի կողմից վերջին ժամանակներս միջոցներ են ձեռնարկվում անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական բազան՝ իհարկե համապատասխան սահմանափակումներով, համապատասխան կայքում տեղադրելու և ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար այն անվճար հասանելի դարձնելու ուղղությամբ:

Չնայած որ ՍԴ որոշման մեկնաբանության իրավասությունը մեզ չի վերապահված, ՍԴ-ում հարցի քննարկմանը որպես պատասխանող հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովը, սակայն՝ քանի որ որոշումը վերաբերում է Կադաստրի համակարգի կողմից անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարովիությանը, ապա հարկ է նշել, որ մինչև ՍԴ որոշմամբ նշված ժամկետի ավարտը՝ սույն թվականի նոյեմբերի 1-ը, մեր կողմից գործառույթները կիրականացվեն գործող Օրենքին համապատասխան, իսկ նախատեսված փոփոխությունները ուժի մեջ կդրվեն 2016թ. նոյեմբերի 1-ից: