Դեպի վեր
Նորություններ

29.02.2016

Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե


 

Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Փետրվարի 25-ին, ԱՄՆ ՄԶԳ-ի հողային ռեֆորմի և ֆերմերային տնտեսությունների վերակառուցման ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր Տաջիկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, խորհրդարանի անդամներից և փոխնախարարներից կազմված պատվիրակությունը: Այցելության նպատակն էր պատվիրակության անդամներին ծանոթացնել ՀՀ-ում իրականացված հողային ռեֆորմի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման գործընթացին:

Կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդաբանական կենտրոն»-ում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը ողջունելով պատվիրակության ներկայացուցիչներին՝ կարևորեց կադաստրի և քարտեզագրության ոլորտներում փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորությունը:

Այնուհետև Տաջիկստանի պատվիրակության անդամներին հանգամանալից ներկայացվեցին կադաստրի համակարգում իրականացված համալիր բարեփոխումները, տեղեկատվական արդիական տեխնոլոգիաների կիրառումը, գեոդեզիայի և հողային տեսչության, ինչպես նաև քարտեզագրության բնագավառում իրականացվող աշխատանքները:

Նշված գործառույթների գործնական կիրառմանը ծանոթանալու նպատակով նաև ճանաչողական այցեր կազմակերպվեցին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Երևանի տարածքային ստորաբաժանում և «Արաբկիր» սպասարկման գրասենյակ: