Դեպի վեր
Նորություններ

16.03.2016

Կադաստրի պետական կոմիտեի պատվիրակության ուսումնական այցը Շվեդիա


  Մարտի 7-11-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունն ուսումնական այցով մեկնել էր Շվեդիա: «Աշխարհագրական տեղեկատվության կառավարման ընդլայնում» թեմայով ուսումնական այցի շրջանակում շվեդական «Սվիդսրվեյ»  կազմակերպության լավագույն մասնագետները հնգօրյա դասընթացների ընթացքում ներկայացրեցին տարածական տվյալների ենթակառուցվածքի կառավարման իրենց փորձը և ռազմավարական ծրագիրը:

  Այցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց տարածական տվյալների կառավարման կենտրոնը, ինչպես նաև վերջիններս ծանոթացան կենտրոնի մշտական գործարկման համար պատասխանատու աշխատակազմի հետ և նրանց հիմնական գործառույթներին: Առավել մանրամասն անդրադարձ կատարվեց քննարկվող համակարգի ներդրման հեռանկարների համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման հաջորդականությանը, ներառյալ ներպետական իրավական դաշտի, ԵՄ ԻՆՍՓԱՅՐ դիրեկտիվների ստանդարտներին համապատասխանեցման անհրաժեշտությանը՝ որպես առաջնային հիմնախնդիր և հաջորդաբար տեխնիկական հիմնահարցերի լուծմանը:

  Ուսումնական այցի շրջանակներում պատվիրակությունն այցելեց նաև Յավլեի քաղաքապետարան՝ տարածական կառավարման գործընթացին տեղական ինքնակառավարման մարմինների  ներգրավվածությանը, ինչպես նաև ոլորտում ունեցած գործառույթներին տեղում ծանոթանալու համար: Այն արդյունավետ էր ոչ միայն առաջատար մասնագետների կողմից հիմնարար խնդիրների և դրանց հնարավոր լուծումների առաջադրմամբ, այլև փորձի փոխանակման, կադաստրի համակարգի նորարարությունների և միջազգային փորձի ներկայացման տեսանկյունից:

  Նշենք նաև, որ այցի ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ «Սվիդսրվեյ» կազմակերպության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև երկկողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ուղղությամբ: