Դեպի վեր
Նորություններ

18.03.2016

Կոլեգիայի նիստ կադաստրի կոմիտեում


 

          Մարտի 18-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեի նախագահին կից կոլեգիայի 2016 թվականի ընդլայնված նիստը, որը վարեց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

          Նիստին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալները, կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, Գեոդեզիայի և հողային պետական տեսչության, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման, «Գեոդեզիա և քարտեզագրություն», «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ների, տարածքային  ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների ղեկավարները:

          Ողջունելով կոլեգիայի նիստի մասնակիցներին` ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ նիստի հիմնական նպատակն է ամփոփել 2015 թվականին կատարված աշխատանքները և արձանագրել կոմիտեի գործունեության դրական արդյունքները, ինչպես նաև մատնանշել առաջիկա անելիքները:

          Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի ղեկավար Վարդան Հասրաթյանը, ով հանգամանալից ներկայացրեց կոմիտեի աշխատակազմի կողմից իրականացվող ընթացիկ և ծրագրային աշխատանքները: Պարոն Հասրաթյանը անդրադարձավ նաև «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքներին: Կենտրոնը, գործունեությունը սկսելով 2015 թվականին, արդեն ապահովել է համակարգի(այդ թվում նաև ԼՂՀ կադաստրի) 189  աշխատակիցների և համակարգում չաշխատող 44 ունկնդիրների մասնակցությունը վերապատրաստման դասընթացներին:

          Անդրադառնալով սպասարկման գրասենյակների համակարգման աշխատանքներին՝ կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը նշեց, որ 2015թ. ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի սպասարկման գրասենյակների և նոտարների կողմից առցանց ընդունվել է 334843 դիմում, որից 314875-ը՝ սպասարկման գրասենյակների կողմից, 9224՝ առցանց և 10744-ը՝ նոտարների կողմից: Սպասարկման գրասենյակների կողմից տրամադրվել է 356076 ավարտական փաստաթուղթ:  

          Պարոն Սեդրակյանը ներկայացրեց, որ համակարգում համալիր բարեփոխումների շրջանակում 2015թ-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանի Դաշնության  Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում իրականացվել է պիլոտային ծրագիր, որով հնարավորություն է ընձեռնվել կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալ քաղաքացիներին հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, ինչպես նաև ստանալ և տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական, որի նպատակն է առավել դյուրին դարձնել սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները: Պիլոտային ծրագրի հաջողված գործարկմամբ կստեղծվեն նպաստավոր պայմաններ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև այլ երկրների հայաշատ քաղաքներում  նման ծրագրի կիրառման համար:

          Կոլեգիայի նիստում համառոտ ելույթ ունեցավ նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաժակ Կարայանը` ներկայացնելով անշարժ գույքի կադաստրային գնահատման, համակարգված դիտարկումների, ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործունեությանն առնչվող աշխատանքները: Կոմիտեի նախագահի տեղակալը փաստեց, որ 2015թ. ընթացքում և ներկայումս անշարժ գույքի գնահատման ոլորտը կարգավորող և վերահսկող, անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմնի՝ կոմիտեի կողմից իրականացվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ, որը միտված է անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտի օբյեկտիվությանը, արդյունավետության բարձրացմանը, որակավորված գնահատողների մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանն ու կատարելագործմանը:       

          Ամփոփելով 2015 թվականին կոմիտեի կողմից գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ ԿԱ ԱԿԳՊԿ գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Լարիսա Մանուկյանը իր ելույթում մատնանշեց 2016 թվականի ընթացքում նախատեսված անելիքները:

          Գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտների զարգացման ծրագրով նախատեսվում է աշխատանքներն իրականացնել գեոդեզիայի, տեղագրական քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, երկրատեղեկատվական համակարգի ստեղծման, նավիգացիոն համակարգերի ներդրման ուղղություններով:  Վերջինիս հավաստմամբ, ՀՀ աշխարհագրական անվանումների բնագավառում նախատեսվում է շարունակել աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի վարման և թարմացման, աշխարհի խոշորագույն քաղաքների անվանումների համառոտ տեղեկատուի տպագրման, ինչպես նաև ՀՀ աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի /գազետիրի/ անգլերեն լեզվով ստեղծման աշխատանքներ:

            Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերահսկողության վարչության պետ Արսեն Բիձյանը: Վերջինս մանրամասն ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում վերահսկողության վարչության կողմից իրականացված  ուսումնասիրությունների արդյունքները, որոնք առնչվում են  անշարժ գույքի ռեգիստրների կողմից իրավունքների պետական գրանցման  և տեղեկատվության տրամադրման գործառույթներին, ինչի  արդյունքում բացահայտվել են սխալներն ու թերացումները, տրվել են հստակ հանձնարարականներ: Արձանագրված թերությունների արդյունքում 2015թ. ընթացքում համապատասխան տույժերի են ենթարկվել անշարժ գույքի 71 ռեգիստր և հաշվառման տվյալների մուտքագրման 4 աշխատակիցներ:  Վերասկողության վարչության հաշվառման տվյալների նկատմամբ վերահսկողության բաժնի կողմից 2015թ. ընթացքում կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ մուտքագրված 31632 դիմումներից ուսումնասիրվել է 12568 դիմում, որոնց մեջ եղել են նախագծային փաթեթների և որակավորման վկայական ունեցող անձանց կողմից կազմված  չափագրման նյութեր: Ուսումնասիրված գործերի արդյունքում կասեցվել են 14 և դադարեցվել՝ 4 անձանց տրված քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության որակավորման վկայականների գործողությունը:

Պարոն Բիձյանը հավաստեց, որ ուսումնասիրություններն ու ստուգումները կլինեն շարունակական:

          Ամփոփելով կոլեգիայի նիստը` կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը դրական գնահատեց կոմիտեի 2015 թվականի գործունեությունը: Անդրադառնալով համակարգում իրականացված ծավալուն աշխատանքներին՝ կոմիտեի նախագահը բոլորի ուշադրությունը հրավիրեց համակարգում դեռ առկա հիմնախնդիրներին ու խոչընդոտներին`  խիստ կարևորելով սպասարկման գրասենյակների կողմից քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը. քաղաքացին պետք է ստանա լիարժեք և սպառիչ պատասխան, անթույլատրելի են անհիմն կասեցումները: Կոմիտեի նախագահը հավելեց, որ մանրակրկիտ և խորքային ուսումնասիրությունները կոմիտեի կողմից կլինեն շարունակական, իսկ սպասարկման գրասենյակների աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում: Յուրաքանչյուր սպասարկման գրասենյակի ղեկավար անձամբ պատասխանատվություն կկրի թերացումների համար: Մարտին Սարգսյանը հստակ հանձնարարականներ տվեց կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, տեսչության, տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների ղեկավարներին: Միաժամանակ քաղաքացիների սպասարկման որակը առավել բարելավելու նպատակով կոմիտեի նախագահը հանձնարարեց կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ու սպասարկման գրասենյակների ղեկավարներին գործարքների համար տրամադրվող միասնական տեղեկանքներն ու իրավունքի պետական գրանցման վկայականներն ավարտել ու տրամադրել օրենքով սահմանված աշխատանքային օրվա ժամը 9.00-ից սկսած: Միասնական տեղեկանքները ավարտել ու տրամադրել մինչև ժամը 12.00-ն, գրավից ծագող իրավունքների գրանցման վկայականները ավարտել ու տրամադրել մինչև ժամը 14.00-ն, իսկ օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման վկայականներն ավարտել և տրամադրել մինչև ժամը 15.00-ն: Նշված ժամկետները կարող են խախտվել միայն խիստ ծանրաբեռնվածության պատճառով՝ կոմիտեի նախագահին տեղյակ պահելու պայմանով:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին