Դեպի վեր
Նորություններ

23.03.2016

Քննարկում ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի «ՈՒսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում


    Մարտի 21-ին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «ՈՒսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ում կոմիտեի նախագահի տեղակալներ Աշոտ Մուսայանը և Դավիթ Սեդրակյանը հանդիպեցին Ասիական Զարգացման բանկի Հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենս Ալվարեսի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան Առաքելության ներկայացուցիչների հետ: Քննարկման համաձայնությունը ձեռք էր բերվել կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հետ մարտի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

  Հանդիպման առարկան Հայաստանի Հանրապետությունում Երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական բազայի ստեղծումն էր, որը հիմք կհանդիսանա հանրապետությունում առկա ռեսուրսների վերաբերյալ քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծման համար և կծառայի տնտեսության տարբեր բնագավառների խնդիրների լուծմանը:

  ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի Երկրատեղեկատվության բաժնի պետ Արամ Ստեփանյանը հյուրերին հանգամանալից ներկայացրեց կադաստրի պետական կոմիտեի կողմից  Երկրատեղեկատվական համակարգի (ԵՏՀ) ուղղությամբ ստեղծված նյութերը: Պարոն Ստեփանյանի խոսքով ԵՏՀ-ն ժամանակակից համակարգչային տեխնոլոգիա է, որը պարունակում է տվյալների հավաքագրման, պահպանման, վերլուծության և գրաֆիկական արտապատկերման հնարավորություններ. «Պետական մասշտաբով Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և ներդրումը թույլ կտա բացառել ոչ բավարար հիմնավորում ունեցող որոշումների ընդունումը և անցնել պետական կառավարման որակապես նոր մակարդակի»,- նշեց Արամ Ստեփանյանը:

  Այնուհետև կողմերն անցան բովանդակային քննարկումների, որի ավարտին վերջիններս ձեռք բերեցին պայմանավորվածություն՝ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ ավելի առարկայական քննարկում իրականացնել առաջիկա հանդիպումների ընթացքում: