Դեպի վեր
Նորություններ

01.04.2009

Այսօր «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի կունենա տիեզերական ընդունիչ կայանի գործարկումը


  Հաշվի առնելով տիեզերական գիտության նշանակությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման համար կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական դիտարկումների կենտրոնի ստեղծումը:

   Տիեզերական դիտարկումների կենտրոնը հնարավորություն կստեղծի տիեզերական տեխնոլոգիաները գործնականում օգտագործել հանրապետության անվտանգության և տնտեսության խնդիրները լուծելիս: Տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նախևառաջ կապված է հողային կադաստրի, քարտեզագրման ու գեոդեզիայի ոլորտներում խնդիրներ լուծելու նպատակով Երկիր մոլորակի հեռակառավարվող զոնդավորման տիեզերական համակարգերի, ինչպես նաև շարժական օբյեկտների մոնիտորինգի համար նախատեսված տիեզերական համակարգերի օգտագործման հետ:

  Կատարված աշխատանքները հնարավորություն են ընձեռելու Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործման միջոցով լուծել կայանի աշխատանքների արդյունքում ստեղծված նյութերի տրամադրման և օգտագործման խնդիրները: Կարևորվում է նաև տիեզերական միջոցների և տեխնոլոգիաների նախագծման, պատրաստման և կիրառման մասնագետների նախապատրաստումը և նրանց որակավորման բարձրացումը:

   Տիեզերական դիտարկումների կենտրոնի կողմից մշակված տվյալները կօգտագործվեն գեոդեզիայի և քարտեզագրության խնդիրների լուծման, նավիգացիայի ապահովման, բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, պաշտպանական, բնօգտագործման, տարերային և տեխնոլոգիական աղետների բնական միջավայրի վերահսկողության, հիդրոօդերևույթաբանության, հիմնարար գիտական տիեզերական հետազոտությունների խնդիրների լուծման համար:

   Այսօր «Գեոդեզիայի  և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի կունենա տիեզերական ընդունիչ կայանի գործարկումը: Երկիր կհաղորդվի Հայաստանի տարածքի վերաբերյալ տարածական տվյալներ, որոնց ընդունումը հայ մասնագետները իրականացնում են առաջին անգամ:

  Տիեզերական ընդունիչ կայանը հնարավորություն է ընձեռում օգտվել երկրամերձ ուղեծրով (մինչև 1000կմ) արհեստական արբանյակների հնարավորություններից և կատարել Երկրի հեռահար զոնդավորում: Արդյունքում բազմաբնույթ տեղեկատվություն ենք ստանում Երկրի մասին: Այդ տեղեկատվությունը Երկիր է հաղորդվում 8 ԳՀց հաճախականության ռադիոալիքներով: Տիեզերական ընդունիչ կայանը ընդունում է Երկրի արհեստական արբանյակներից ուղարկված տեղեկատվությունը, գրանցում է այն, որից հետո կատարվում է մշակում և արխիվացում:

  Տիեզերական ընդունիչ կայանի հիմնական նպատակն է իրական ժամանակահատվածում երկրի մակերևույթի բազմատիրույթ հեռահար զոնդավորման միջոցով սպեկտորի տեսանելի մասում բարձր տեղեկատվական պատկերների ստացումը, տեղեկատվության օպերատիվ տեղափոխման ապահովումը ռադիոալիքի միջոցով: Մշակման արդյունքում հնարավորություն է ընձեռվում ունենալ մշտապես թարմացվող արդի քարտեզագրական նյութեր, որոնք հետագայում կարող են տրամադրվել սպառողների լայն շրջանակներին:

  Իրականացված աշխատանքների արդյունքում ստեղծված նյութերը հնարավորություն կտան ներդնելու մեկ քարտեզ (հանույթային նյութ) պետական բոլոր խնդիրների համար սկզբունքը: Այս սկզբունքի ներդրումը կնպաստի քարտեզագրության ոլորտում պետության կողմից ծախսվող միջոցների էական տնտեսմանը:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին