Դեպի վեր
Նորություններ

23.12.2009

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահն ամփոփեց անցնող տարին


  Դեկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում տեղի ունեցավ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի ընթացքում պարոն Զախարյանն ամփոփեց 2009 թվականի ընթացքում կոմիտեի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքնեը:

  Կոմիտեի նախագահն անդրադարձավ 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Երևան քաղաքում և մարզերում 1 քմ մակերեսի հաշվարկով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գներին` մատնանշելով, որ մայրաքաղաքում, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ գները նվազել են 10.5%-ով, իսկ մարզերում աճել` 4.8%-ով:

  Անցնող տարվա ընթացքում կադաստրի պետական կոմիտեի կողմից ՀՀ պետական մարմիններին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվել է 87630 տեղեկանք, իսկ տարածքային ստորաբաժանումների կողմից սահմանված վճարների հիման վրա տրամադրվել է 122 390 տեղեկանք:

  2009թ-ի ընթացքում ամբողջությամբ ավարտվել են 378 համայնքների կադաստրային գործերի արխիվացման աշխատանքները, որտեղ արխիվացվել է շուրջ  606  981  կադաստրային  գործ,  տեսաներածվել  է  կադաստրային  գործերի 13 493 122 փաստաթուղթ: Անցնող տարում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների 114 719 պետական գրանցում, որից հիպոթեկի` 14 292, հողամասի վարձակալության, կառուցապատման և անհատույց օգտագործման իրավունքի` 12 452 պետական գրանցում:

   Պարոն Զախարյանը նշեց նաև, որ համակարգի □2009 թվականի ծախսերի նախահաշվով□ ծախսերի տարեկան գումարը կազմում է 2 591 000,0 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 5.5%-ով:

  Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսային ծրագրով, աշխարհի աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատուի ստեղծման նպատակով  իրականացված աշխատանքներին:

  2009թ. ընթացիկ աշխատանքներից են նաև □Սևան□ ազգային պարկի տարածքում իրականացված անշարժ գույքի հաշվառման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:

  Պարոն Զախարյանը փաստեց նաև, որ 2009-ի ընթացքում հայտնաբերվել և Երևանի քաղաքապետարան է ներկայացվել շուրջ 6451 միավոր ինքնակամ կառուցված շենք, շինությունների վերաբերյալ տեղեկություններ:

  Անցնող տարում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվել է ՀՀ օրենքների 4 նախագիծ և ՀՀ կառավարության 21 որոշման նախագիծ:

  Հատկանշական է, որ 2009-ին ՀՀ դատարաններում կոմիտեի մասնակցությամբ կայացել է 3419 դատական նիստ, որոնցում որպես պատասխանող կոմիտեն մասնակցել է 259 գործով:

  Անցնող տարում կոմիտեում ընդունելության են ներկայացել 210 քաղաքացի, որոնց բարձրացրած հարցերից 46-ը կոմիտեի իրավասություններին չեն վերաբերել, 23-ը չեն համապատասխանել օրենսդրության պահանջներին, 76- ը բավարարվել են ու համապատասխան ընթացք են ստացել, 10-ը ներկայումս գտնվում են ընթացքում: Ի դեպ, հայցերի մեծ մասը դատարանը մերժում է հօգուտ կադաստրի, իսկ եթե քաղաքացու հայցը բավարարվում է, ապա, Երվանդ Զախարյանը հավաստիացնում է, որ իրենք ավելի խիստ և հետևողական են լինում: Կոմիտեի նախագահը նշեց նաև, որ քաղաքացիները հիմնականում բողոքում են կադաստրի համակարգի աշխատակիցների կոշտ և անբարյացակամ վերաբերմունքից և հիշեցրեց կոմիտեում գործող թեժ գծի հեռախոսահամարը (52 63 22), որով քաղաքացիները կարող են զանգահարել և ներկայացնել իրենց հուզող խնդիրները: