Դեպի վեր
Նորություններ

07.12.2011

ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներում առաջին որակավորման վկայականները


  Անշարժ գույքի կադաստրի համակարգում իրականացվում են համալիր բարեփոխումներ, որոնք միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի  անմիջական  շփման անհրաժեշտության բացառմանը` հետևաբար և համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանը: Այդ նպատակով կադաստրի համակարգում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, որոնց արդյունքում 2012թ. հունվարի մեկից կներդրվեն վերոնշյալ բարեփոխումները: Դրանց թվին է պատկանում նաև 2012թվականի հունվարի մեկից անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթի մասնավորեցումը: Այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները կիրականացվեն բացառապես մասնավոր հատվածի համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից, ինչը քաղաքացիներին ընտրության հնարավորություն կընձեռի: Այս նպատակով ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 29-ի N1441-Ն որոշման պահանջներին համապատասխան կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նիստերի դահլիճում կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը 35 մասնագետներին հանձնեց ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառներում առաջին որակավորման վկայականները: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 29-ի N1441-Ն որոշման կարգին համապատասխան հայտարարություն տրվելուց հետո նշված մասնագիտություններով որակավորում ստանալու համար կոմիտե էին դիմել107 հայտատու: Եռօրյա քննությունների արդյունքում քննական շեմը հաղթահարել են 35 հայտատու: Նշենք, որ այս գործընթացը շարունակական է: Կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հայտնեց, որ կոմիտեի կողմից պարբերաբար կտրվեն հայտարարություններ, և  ցանկացողները կարող են դիմել: Հավելենք, որ արդեն իսկ կազմված է հայտատուների 2-րդ խումբը`  65  հայտատու:  Քննությունները  նախատեսված  են  սույն  թվականի դեկտեմբերի 13,14 և 15-ին:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին