Ինտեգրված կադաստր

Ինտեգրված կադաստր
Հայաստանի Հանրապետության տնտեսության կառավարման մի շարք ոլորտներ կարգավորող իրավական ակտերով համապատասխան կառավարման մարմինների համար սահմանվել են իրենց ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների կադաստրների (ռեգիստրների) վարման գործառույթներ, սակայն դրանք հիմնականում չեն իրականացվել կամ իրականացվել են թերի, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, ինչն էականորեն բարդացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտա­գործումը՝ կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական նշանակության ծրագրերի արդյունավետ իրագործման նպատակներով:
Հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ պլանա­վորման ու կառավարման համար անհրաժեշտ է ունենալ Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների բնակչության տեղաբաշխման, արդյունա­բերական ու գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացման վիճակի և բնական ռեսուրսների, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների, անշարժ գույքի որակական, քանակական տվյալների, սեփականության սուբյեկտների, ճանապարհային ցանցի և ենթակառուցվածքների այլ տարրերի ու էկոլոգիական վիճակի մասին ամբողջական, հավաստի տեղեկատվություն:
Ոլորտային կադաստրների հաշվառման և գրանցման ենթակա գրեթե բոլոր տվյալները տարածական են կամ տարածական` քարտեզագրական հենք ունեն:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն պետական կառավարման այն լիազորված մարմինն է, որի կանոնադրական գործառույթներն անմիջականորեն ուղղված են պետական նշանակության քարտեզագրական և տեղագրական համակարգերի ստեղծմանը, քարտե­զագրական նպատակային ծրագրերի մշակմանը և իրականացմանը։ Առանձնակի գործառույթներ են նաև անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակումն ու ներդրումը։
Անշարժ գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման նպատակով` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության տարածքում միասնական կոորդինատային համակարգի մշակման և ներդրման, ինչպես նաև միասնական գեոդեզիական հիմքի ապահովման, համայնքների քարտեզագրման ու թվային քարտեզների ստեղծման, Հայաստանի Հանրա­պետության տարածքի օդալուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման տվյալների թվայնացման աշխատանքներ, պարբերաբար իրականացվում են բարձունքային և պլանային հիմքի թարմացման և խտացման, անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումներ, որոնց արդյունքում սահմանվել է գոտիականություն` ըստ գույքի արժեքի և գտնվելու վայրի: Ավարտված են նաև անշարժ գույքի կադաստրային գործերի թվայնացումը (ստեղծվել է էլեկտրոնային արխիվ), կադաստրային քարտեզների վարման ու անշարժ գույքի գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները և այլն: 
ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվել է կադաստրի կոմիտեի կողմից իրականացնել մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ հիմք կդրվի առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրին, կստեղծվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի oդալուսանկարները (օրթոֆոտոհատակագծերի-պիկսելի չափը երկրի մակերևույթի վրա՝ 20 սմ ճշտությամբ), կճշտվի և ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքը, կստեղծվի ժամանակակից պահանջներին բավարարող բազային երկրատեղե­կատվա­կան  համակարգ։  Ըստ այդմ՝ կոմիտեն ի զորու կլինի բոլոր ոլորտների տեղե­կատվական շտեմարանները ապահովելու տարածական հիմքով և գրանցվող տվյալ­նե­րի ծածկագրման, պահպանման և օգտագործման տրամադրելու մեթոդաբանական հա­մա­­կարգով։
Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների վարումը անհամեմատ ավելի արդյունա­վետ կարող է լինել՝ դրանց ամբողջական, միասնական, մեկտեղված համակարգի մեջ ընդգրկելով. այն փոխկապակցված և փոխհամաձայնեցված կադաստրների և ռեգիստրների համալիր է՝ ընդհանուր և միասնական մեթոդաբանական սկզբունքներով, տեխնիկական, ծրագրային և տեղեկատվական հիմքով:
Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղերի կառավարման խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին տրամադրել տարաբնույթ, սակայն համակարգված և հավաստի տարածական տեղեկատվություն, որը թույլ կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն:
Բազմաբնույթ, հավաստի և հասանելի տեղեկատվությունը զգալի նպաստավոր միջավայր կարող է ստեղծել ազատ մրցակցային տնտեսական գործունեության մասնակից­ների համար:
 Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծումը և ներդրումը կնպաստի՝
1) կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրմանը, մշակմանը և օգտագործմանը.
2) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների  տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը.
3) տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը.
4) տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը.
5) տարածական տվյալների մատչելիության ապահովմանը.
6) հանրության համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը.
7) տվյալների լրիվության, հավաստիության, ճշտության ստուգման ներքին մեխա­նիզմների մշակմանը.
8) շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը՝ ինքնաշխատ հասանելիության ապահով­ման շնորհիվ։