Միջազգային ծրագրեր

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՍՏԱՏԵՆՍ ԿԱՐՏՎԵՐԿ) «ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» ԾՐԱԳԻՐ
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս Նորվեգիայի Կառավարության, 2012թ. հոկտեմբեր 24-ին դրամաշնորհ էր սահմանել «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» ծրագրին, որի ընդհանուր տևողությունը 2.5 տարի էր:
Ծրագրի նպատակներն էին`
- Հայաստանում մշտական գործող ՋիՊիԷս(GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծում
- Հայաստանի տնտեսապես ակտիվ գոտիների օդային լուսանկարահանումը, թվային բարձունքային մոդելի ստեղծումը և օրթոլուսանկարների ստեղծումը
Ծրագրի առաջին փուլում ձեռք են բերվել և տեղակայվել 12 ռեֆերենց կայաններ, որոնք ձևավորել են Հայաստանի տեղադիրքի որոշման համակարգը (ARMPOS): Կայանների ցանցը հնարավորություն է ստեղծել բարձր ճշտությամբ որոշել տեղադիրքը հանրապետության ողջ տարածքում: ARMPOS համակարգի կիրառության ոլորտներն էին՝ գյուղատնտեսություն, բարձր ճշտության ինժեներական աշխատանքներ, սեյսմիկ դիտարկումներ, ռազմատեղագրական քարտեզագրություն, տրանսպորտ, նավիգացիա, կադաստրային, տեղագրական և թեմատիկ քարտեզագրություն և այլն:
Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել է ՀՀ տարածքի զգալի մասի օդային լուսանկարահանումը և լազերային սկանավորումը: Հանրապետության խոշորագույն քաղաքները (Երևան, Գյումրի, Վանաձոր) լուսանկարահանվել են GSD-10սմ, իսկ այլ տարածքները` GSD-20սմ ճշտությամբ: Իրականացվել են գեոդեզիական դիտարկումների, թվային բարձունքային մոդելի մշակման և օրթոլուսանկարների ստեղծման աշխատանքներ:
Ստացված օրթոֆոտոհատակագծերը մեծապես նպաստել են առկա քարտեզների ճշգրտման և նոր հատակագծերի ստեղծման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ (ՍՏԱՏԵՆՍ ԿԱՐՏՎԵՐԿ) «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը Նորվեգիայի կառավարության անունից 2009 թվականի նոյեմբերի 5-ին հատկացրել է մինչև 10 000 000 նորվեգական կրոն (01.06.2010 դրությամբ - 1.560.000 ԱՄՆ դոլլար, 1.270.000 եվրո) «Անշարժ գույքի արդյունավետ գրանցում և քարտեզագրման ծառայություններ Հայաստանի համար» ծրագրի իրականացման համար:
Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել լավ գործող և թափանցիկ գրանցման համակարգ գույքային իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև անշարժ գույքի` որպես փոխառության երաշխիք հանդես գալու միջոցով նպաստել անշարժ գույքի շուկայի զարգացմանը, ֆինանսավորմանը և վարկավորմանը:
Ծրագիրը նպատակաուղղված էր Հայաստանում կադաստրի վարման ընթացակարգերի ավտոմատացմանը:
Ծրագրի նպատակներից էր ներդնել եվրոպական չափանիշներով ստեղծված անշարժ գույքի և այլ քարտեզների ապահովման մի համակարգ՝ ԵՄ Ինսփայր դիրեկտիվներին համապատասխան:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ»
ԿՐԿՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Այս ծրագիրը համակարգում սկսել է իրականացվել 2003թ. մայիսից: Ծրագրի հիմնական նպատակն է եղել Հայաստանի անշարժ գույքի ոլորտի պետական կառավարման համակարգը համատեղելի դարձնել Եվրոպական Միության երկրների համանման կառույցների հետ: Ծրագիրը իրականացվել է Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսավորմամբ, Շվեդիայի և Ֆինլանդիայի հողի հանութագրման ազգային ծառայությունների կողմից:
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ" ԾՐԱԳԻՐ
2001թ. հոկտեմբերին Շվեյցարիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Շվեյցարիայի Տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի հետ համատեղ 2001թ. դեկտեմբերից մինչև 2003թ. մայիս իրականացրել է «Անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության» ծրագիրը: Ծրագիրը իրականացվել է հետևյալ երեք հիմնական ուղղություններով`
- Ժամանակակից գեոդեզիական սարքավորումների ձեռքբերում.
- Այս բաղադրիչով ձեռք են բերվել բազմաթիվ գեոդեզիական սարքավորումներ, այդ թվում` 36 տախեոմետրեր, 100 դիստո հեռաչափիչ սարքեր և 4 GPS ընդունիչներ:
- Համակարգի մասնագետների ուսուցում.
- Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպվել են սեմինարներ գեոդեզիական գործիքների սպասարկման և շահագործման, ինչպես նաև թվային օրթոֆոտոքարտեզների արտադրության վերաբերյալ:
- ՀՀ տարածքում օդային լուսանկարահանման աշխատանքների իրականացում.
Այս բաղադրիչով Հայաստանի տարածքի 1/3-ում իրականացվել են օդային լուսանկարահանման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են Շվեյցարիայի Տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակի կողմից, որը համապատասխան մշակումից հետո Կոմիտեին կտրամադրի թռիչքի տարածքի լուսանկարները, իսկ Երևան քաղաքի համար նաև պատրաստի օրթոֆոտո քարտեզները:
ՇՎԵԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ (SIDA) «ԿԱԴԱՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1999 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պայմանագիր է կնքել Շվեդական «ՍԻԴԱ» զարգացման գործակալության» և «Սվիդսրվեյ» ընկերության հետ, համաձայն որի «Սվիդսրվեյը» «ՍԻԴԱ»-ի կողմից ֆինանսավորման հաշվին 2000-2006թթ. ընթացքում իրականացրել է «Կադաստրի համակարգի զարգացումը Հայաստանում» ծրագիրը:
Ծրագրի հիմնական խնդիրներն են` Հայաստանի գեոդեզիական ցանցի վերականգնումը, անշարժ գույքի մասսայական գնահատման ընդհանուր հիմունքների հաստատման աջակցումը, ուսումնական դասընթացների անցկացումը կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի շուկայական գնահատման, հողերի միավորման և այլ ուղղություններով:
Կոմիտեն 1998 թվականին պայմանագիր է կնքել նաև Շվեդիայի «Տեխնոլոգիայի Թագավորական Ինստիտուտի» հետ, համաձայն որի Շվեդական «ՍԻԴԱ» զարգացման գործակալության ֆինանսավորման հաշվին տարեկան մի քանի ուսանողներ են ուղարկվել Շվեդիա ուսանելու:
ԱՄՆ ՄԶԳ «ՀՈՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՄԱՆ» ԾՐԱԳԻՐ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կադաստրի համակարգի հետ համատեղ, 1998-2001թթ. ընթացքում իրականացրել է «Հողի նկատմամբ սեփականության իրավունքի տրամադրման և գրանցման ծրագիր»: Ծրագրի շրջանակներում հանրապետության 50 համայնքներում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ: Բացի այդ ծրագրի շրջանակներում հանրապետությունում ներդրվել են «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման» և «Կադաստրային քարտեզների վարման» ավտոմատացված համակարգերը: Ծրագիրն ավարտվել է 2001 թվականի հունիսին:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ»
Ծրագրի շրջանակներում 1998-2003թթ. ընկած ժամանակահատվածի համար դրամաշնորհ է հատկացվել ՀՀ բյուջեին գյուղական համայնքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման համար:
Ծրագիրը բաղկացած է եղել երեք հիմնական մասերից.
- Կադաստրային քարտեզագրում:
- Սեփականության իրավունքի վկայականների և գրանցման միասնական մատյանների տպագրություն:
- Ինֆորմացիոն կառավարման համակարգի գլոբալ համակարգչային ցանցի ներդրում և սպասարկում:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության և Միջազգային Զարգացման Ընկերակցության միջև կնքված «Անշարժ գույքի գրանցում» թիվ 3135 AM Վարկային Զարգացման համաձայնագրով աշխատանքներ են իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով`
- Կադաստրային հանութագրում
- Տարածքային ստորաբաժանումների աշխատանքի աջակցում
- Տիեզերական հանութագրում