«Քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը պետք է հնարավորինս արագ ավարտին հասցնել»․Սուրեն Թովմասյան

18.05.2021
«Քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը պետք է հնարավորինս արագ ավարտին հասցնել»․Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի մայիսի 17-ի աշխատանքային խորհրդակցությանը ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը ներկայացրեց գույքահարկի բազաների ճշտման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց կատարման ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն։ Նա նշեց, որ գույքահարկի բազաներում պարբերաբար կատարվում են ուսումնասիրություններ՝ թերությունների հայտնաբերման և շտկման նպատակով։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգում ներառված այլ հաձնարարականներ։Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանն անդրադարձավ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերին վերաբերող փոփոխություններին։

Ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը տեղեկացրեց,որ Գեոդեզիայի և հողաշինարարության վարչությունը Գեոմատիկայի կենտրոնի հետ համատեղ շարունակում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ սահմանված պիլոտային ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքները։ Նախորդ շաբաթ Գեոմատիկայի կենտրոնում հանդիպում է տեղի ունեցել այն համայնքների ղեկավարների հետ՝ որոնք ներառված են պիլոտային ծրագրում։ Համայնքների կադաստրային քարտեզի տեղեկատվության բազային և թեմատիկ շերտերում հուլիս ամսին նախատեսվում է ունենալ վերջնական ուղղված տարբերակը։

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդգծեց, որ պիլոտային ծրագրում ընդգրկված համայնքների քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը պետք է ավարտին հասցնել հնարավորինս արագ՝ լիարժեք և համապարփակ լուծում տալով անճշտությունների հետևանքով առաջացած բազում խնդիրներին։