Իրավական նոր կարգավորումներ ոլորտում, նոր հնարավորություններ չափագրողների առցանց գրասենյակում

02.08.2021
Իրավական նոր կարգավորումներ ոլորտում,  նոր հնարավորություններ չափագրողների առցանց գրասենյակում

Օգոստոսի 2-ի աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց համապատասխան հանձնարարականների կատարողականների ներկայացմամբ։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը տեղեկացրեց, որ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքներն ամփոփելուց հետո այսօր արդեն ՀՀ կառավարություն կուղարկվի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշման նախագծի փաթեթը։

Սուբյեկտների նույնականացման աշխատանքներն օր առաջ ավարտին հասցնելու համար աշխատանքային խումբում կներգրավվեն նոր աշխատակիցներ կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից։

ՊԵԿ-ին փոխանցվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրելու համակարգի ներդրման աշխատանքները շարունակվում են։ Տեղակալ Արման Պետրոսյանի հավաստմամբ՝ սպասարկող ընկերության և ՊԵԿ-ի հետ քննարկումներից հետո այս շաբաթվա վերջում կոմիտեի ղեկավարին կներկայացվի ՊԵԿ-ի կողմից ներկայացված դիտարկումները և ծրագրի ներդրման ժամանակացույցը։

Ազգային գեոդեզիական ցանցի և ռեֆերենց կայանների ցանցի տեղադրման ու քարտեզագրական կոորդինատային համակարգի վերաբերյալ քննարկման նպատակով կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին հանձնարարվեց ևս մեկ հանդիպում կազմակերպել գեոդեզիայի ոլորտի առաջատար մասնագետների և գեոմատիկայի կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ։

Որակավորված չափագրողների հետ նախորդ շաբաթ կայացած քննարկման արդյունքում չափագրողների առցանց գրասենյակում նախատեսվում  է ներդնել նոր՝ աշխատանքն առավել մատչելի դարձնող դաշտերի հնարավորություններ, ներառել նոր դասակարգիչներ։ Գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Գևորգ Մանուկյանը տեղեկացրեց, որ սպասարկող ընկերության հետ քննարկելուց հետո նախատեսված փոփոխությունները կներդրվեն առցանց գրասենյակում։