Աշխատանքային խորհրդակցություն

28.02.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր՝ փետրվարի 28-ին կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Օրակարգում ընդգրկված հարցերին անդրադառնալուց բացի կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծեց հստակ և սահմանված ժամանակացույցով աշխատելու անհրաժեշտությունը։

Հանձնարարվեց այսօր արդեն ավարտին հասցնել Սյունիքի մարզի չնույնականացված սուբյեկտների նույնականացման աշխատանքները և ցուցակները ներկայացնել համապատասխան համայնքների ղեկավարներին:

Իրավախորհրդատուների կողմից վավերացված պայմանագրերով ինքնաշխատ իրավունքների գրանցման մեթոդաբանության վերաբերյալ նախագիծն ուղարկվել է շրջանառության, իսկ բազային և թեմատիկ շերտերի վերաբերյալ պետական գերատեսչություններից ստացված կարծիքների քննարկման համար վաղը Սուրեն Թովմասյանի մոտ աշխատանքային քննարկում կհրավիրվի։

Կոմիտեի ղեկավարը վարչություններին հանձնարարեց առավել ուշադիր լինել քաղաքացիներից ստացված դիմումներին պատասխանելիս և փորձել հնարավորինս պարզ և մատչելի բացատրել օրենսդրական ձևակերպումները։

Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով ներքին վերահսկողության վարչությունն այսուհետ ներգրավված կլինի քաղաքացիներից այդ վարչությանը հասցեագրված դիմում-բողոքներին պատասխանելու աշխատանքներում։

Խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ հնչեցին նաև 2022 թվականի հնգամյա պլանով սահմանված աշխատանքների վերանայման, ինտեգրված կադաստրի, հասցեների ռեեստրի, քարտեզների ուղղման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։