Աշխատանքային խորհրդակցություն

18.04.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը կոմիտեի ղեկավարն սկսեց նախորդ շաբաթվա հանձնարարականների ամփոփմամբ։

Նախորդ շաբաթ սկսվել և ընթացքի մեջ է «Թեժ գծով» պատասխանվող հեռախոսազանգերի որակական ցուցանիշների ուսումնասիրությունը։

Պատասխանատուների հավաստմամբ՝ արդյունքները գոհացնող են, իսկ արձանագրված թերացումները շտկելի են և կարճ ժամանակում մասնագիտական լուծում կստանան։

Քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին լիարժեք և մանրամասն պատասխանելու անհրաժեշտությունը կարևորելով՝ կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս մասնագիտական վարչություններին հանձնարարեց շարունակել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվող բոլոր դիմում-բողոքները և դրանց վերաբերյալ կազմված նախագծերը քննարկել կոմիտեի ղեկավարի մոտ։

Թովմասյանն իր խոսքում նկատեց, որ դիմում-բողոքների քանակը կնվազի, երբ բոլոր դիմումները վերլուծվեն և թիրախային լուծումներ տրվեն առավել հաճախ հանդիպող խնդիրներին ու բարձրացված հարցերին։

Քաղաքացիների իրազեկվածության աստիճանը բարձրացնելու նպատակով կշարունակվեն տեղեկատվական միջոցառումները, կհրապարակվեն մասնագիտական ստորաբաժանումների կողմից տրամադրվող նյութերը, որոնք շարունակաբար կտարածվեն նաև զանգվածային լրատվության միջոցներով։

Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը հավաստեց, որ քարտեզների ուղղման գործընթացը շարունակվում է, համագործակցում և հանդիպումներ են ունենում նաև համայնքների ներկայացուցիչների հետ։