Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ խորհրդակցություն Երևանի և Երևանի սահմանակից համայնքների սահմանների խնդիրների վերաբերյալ

21.04.2022
Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ խորհրդակցություն Երևանի և Երևանի սահմանակից համայնքների սահմանների խնդիրների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի  և Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ այսօր կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել Երևանին սահմանակից համայնքների ղեկավարների, Երևանի քաղաքապետի և համայնքների մասնագետների մասնակցությամբ։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն իր խոսքում  կարևորեց նման ձևաչափով հանդիպումները, նկատելով, որ թիմային աշխատանքը կօգնի առավել արդյունավետ աշխատել,  ձևավորել միասնական մոտեցում և օր առաջ լուծել համայնքների վարչական սահմանների հստակեցման և կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները։

Համայնքների ղեկավարները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերն ու ներկայացրեցին առաջարկություններ, միասին  քննարկեցին բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք հնարավոր են գործնական քայլերի ժամանակ։

Համայնքների վարչական սահմանների ուղղման աշխատանքների ավարտից հետո, ինչպես հավաստեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը,  առավել լայն թափով կշարունակվեն կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները (այս պահին օրական ուղղվում են 5 բնակավայրերի կադաստրային քարտեզներ)։

Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքերի համատեքստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ևս կարևորեց վարչական սահմանների ուղղման աշխատանքները՝ արդյունավետ համարելով համայնքների ղեկավարների հետ այսօրինակ քննարկումները։

Նման ձևաչափով  հանդիպումներն առաջիկայում շարունակական կլինեն՝ մայրաքաղաքին և հարակից համայնքներին առնչվող հարցերում միասնական և ընդհանուր լուծումներ գտնելու համար։

Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ մշակված ծրագրերով կլուծվեն բազմաթիվ հարցեր, քարտեզներում գրանցած փոփոխությունները, Գեոպորտալի գործարկումը հետագայում համայնքներին կազատեն բազմաթիվ խնդիրներից։

Մասնագիտական քննարկումները կշարունակվեն, կսկսվի առաջարկվող լուծումներին պաշտոնական տեսք տալու գործընթացը։