Հայաստանում են նիդերլանդցի փորձագետները

26.04.2022
Հայաստանում են նիդերլանդցի փորձագետները

Այսօր՝ ապրիլի 25-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) փորձագետներին, ովքեր Հայաստանում են կոմիտեի արխիվների թվայնացման համատեղ ծրագրի 2-րդ փուլի մանրամասները քննարկելու նպատակով:

Ողջունելով հյուրերին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարը կարևորեց երկու երկրների լիազոր մարմինների միջև արդյունավետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը։

Նա համոզմունք հայտնեց, որ այս այցը ևս կնպաստի թվայնացման ծրագրի հաջող իրականացմանը:

Անդրադառնալով կոմիտեի գործունեության ներկայիս իրավիճակին և ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Սուրեն Թովմասյանը համառոտ ներկայացրեց ծառայությունների թվայնացմանն ուղղված շարունակական աշխատանքները, ինչպես նաև ընդգծեց կադաստրային գործընթացների պարզեցմանը միտված օրենսդրական մի շարք փոփոխություններ:

Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց համատեղ քննարկել ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Հայաստանյան այցի ընթացքում նիդերլանդացի մասնագետները աշխատաժողովներ կանցկացնեն արխիվի մասնագետների և արտաքին շահառուների հետ, կներկայացնեն շնորհանդեսներ, պանելային քննարկումներ:

Նախատեսվում են այցեր նաև Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակ և «Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում», որտեղ փորձագետները հնարավորություն կունենան ծանոթանալ 2021 թվականի հունվարից մինչ օրս արխիվում կատարված փոփոխություններին և այլ նորարարությունների: