Ավարտվեց «Եվրոգեոգրաֆիքս»-ի ամենամյա համաժողովը

17.05.2022
Ավարտվեց «Եվրոգեոգրաֆիքս»-ի ամենամյա համաժողովը

Ավարտվեց «Եվրոգեոգրաֆիքս» կազմակերպության ամենամյա համաժողովը, որին մայիսի 15-ից 17-ը մասնակցում էին նաևԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանը:

Երկամյա առցանց հանդիպումներից հետո այս տարի կազմակերպության անդամ-պետություններն ամենամյա համաժողովին մասնակցում էին ֆիզիկապես, ինչը միտված էր խթանելու ներկայացուցիչների միջև անմիջական շփումները՝ արդյունքում նպաստելով նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը, ոլորտում առկա խնդիրների և վերջին նորարարությունների քննարկմանը:

Նստաշրջանի ընթացքում ելույթներով հանդես եկան Բոսնիա և Հերցեգովինայի Գեոդեզիայի և անշարժ գույքի հարցերով դաշնային գրասենյակի տնօրեն Զելջկո Օբրադովիչը, Մեծ Բրիտանիայի ազգային հետազոտությունների կենտրոնի Երկրատարածական հարցերով գլխավոր պատասխանատու Դավիթ Հենդերսոնը, Եվրոպական վիճակագրական ծառայության ներկայացուցիչ Մարտա Նագի Ռոթենգասը և այլոք:

Հիմնական աշխատանքներին զուգահեռ տեղի ունեցան պանելային քննարկումներ «Թվային Եվրոպա և բարձրարժեք տվյալների բազաներ», «Արհեստական բանականություն», «INSPIRE ակնարկ» և այլ խորագրերով:

Նստաշրջանի ավարտին տեղի ունեցավ կազմակերպության նախագահի և կառավարման խորհրդի անդամների ընտրություն, ինչպես նաև քվեարկությամբ հաստատվեցին ընթացիկ տարվա օրակարգը և բյուջեն: