ՀՀ բնակավայրերի 720 քարտեզներ արդեն առցանց են

07.06.2022
ՀՀ բնակավայրերի 720 քարտեզներ արդեն առցանց են

ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից ակտիվորեն շարունակվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի քարտեզների թվայնացման աշխատանքները։ Այս պահին առցանց են արդեն բնակավայրերի 720 քարտեզներ։

Առցանց վարվող քարտեզները հնարավորություն են տալիս շատ արագ և օպերատիվ կատարել խմբագրում, տվյալների ճշգրտում, ապահովել անհրաժեշտ տեղեկատվության արագ փոխանակում։                  

 Առցանց քարտեզները հնարավոր է ինչպես ներբեռնել, այնպես էլ արտապատկերել գեոպորտալների միջոցով, իսկ  ՎԵբ ծառայությունների (WMS, WPS) միջոցով հասանելի դարձնել  օգտագործողներին: 

 Նախկինում ՀՀ Կադաստրի կոմիտեում  քարտեզները վարվել են տեղային բնույթով, չի եղել ընդհանուր հասանելիություն։ Այսօր հասանելիության ապահովումը նվազեցնում է նաև սխալների հավանականությունը,  քանի որ ծրագիրը հատուկ հրահանգների միջոցով ստուգում է կատարված աշխատանքը, տարանջատում սխալները և միայն ուղղումների դեպքում է, որ ծրագիրը պահպանում է փոփոխությունները։

Ի դեպ, Կադաստրի կոմիտեում վարվում է  բնակավայրերի 927 էլեկտրոնային կադաստրային քարտեզներ, որոնք պարբերաբար համալրվում և թարմացվում են։

Կոմիտեի կողմից առցանց վարվող քարտեզների շնորհիվ կրճատվում է տարատեսակ գործարքների ժամանակը, քանի որ տեղանքի՝ հողամասի, շինության վերաբերյալ համալիր տեղեկատվությունը, հավաքագրումը կատարվում է արագ` գրեթե առանց սխալների։

Քարտեզները առացանց միջավայր ներբեռնելու աշխատանքները շարունակվում են։ Բազաները պարբերաբար թարմացվում են, և անհրաժեշտ տեղեկատվությունը այժմ կարելի է գտնել հաշված րոպեների ընթացքում։