Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում է

29.06.2022

Հունիսի 29-ից հուլիսի 1-ը ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության հրավերով Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պետերբուրգյան 10-րդ միջազգային իրավական համաժողովի շրջանակներում, մասնակցում է «Օրենսդրությունը հողի և անշարժ գույքի ոլորտում» խորագրով պանելային քննարկմանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի բարձր հովանու ներքո կազմակերպվող հեղինակավոր միջազգային այս իրադարձությունը այս տարի կրում է «Գործել օրենքի շրջանակներում» խորագիրը, որին մասնակցում են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած առաջատար իրավաբաններ, հասարակական գործիչներ, գործարար համայնքի ներկայացուցիչներ, տարբեր երկրների պաշտոնական պատվիրակություններ:

Միջոցառման շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում է անցկացնել պանելային քննարկումներ՝ հողի և անշարժ գույքի ոլորտում օրենսդրության կատարելագործման հեռանկարների, ինչպես նաև տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման իրավական ասպեկտների թեմաներով: