ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղերձը համակարգի ստեղծման 25-ամյակի, հողաշինարարի եւ գեոդեզիստի օրվա կապակցությամբ

30.06.2022
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղերձը համակարգի ստեղծման 25-ամյակի, հողաշինարարի եւ գեոդեզիստի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, կադաստրի համակարգի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ հողաշինարարի եւ գեոդեզիստի օրվա առթիվ։

25-ամյա դժվարին ճանապարհից հետո կարելի է վստահաբար արձանագրել, որ մեր համակարգում իրականություն դարձած ձեռքբերումներն ու բարեփոխումները անժխտելի իրականություն են դարձել բոլոր այն սկզբունքային, նվիրյալ մարդկանց շնորհիվ, ովքեր տարիների համբերատար աշխատանքով նպաստել են ոլորտի զարգացմանն ու կայացմանը:

Կադաստրի համակարգը կատարյալ տեսնելը բոլորիս ցանկությունն է, ուստի երբեք չենք խուսափել խոսել համակարգում դեռևս տեսանելի խնդիրների և ռիսկերի մասին, չենք խուսափել քննարկել դրանց հաղթահարման արդյունավետ միջոցներն ու ուղիները:

Վերջին տարիների օրենսդրական կարևորագույն նախաձեռնություններն ու մասնագետների համախմբված աշխատանքը հնարավորություններ է ստեղծում արդյունավետ աշխատանք իրականացնել առցանց ծառայությունների մատուցման արդիականացման, քարտեզների ճշգրտման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պարզեցման ուղղությամբ։

Անցած 25 տարիները մեծ ջանք են պահանջել կառույցի կայացման, գործունյա ու բանիմաց մասնագետներ ունենալու, ոլորտը միջազգային չափանիշներին համահունչ դարձնելու համար:

Մեր մեծագույն հաղթանակը մեր ծառայությունների որակից գոհ քաղաքացին է:

Շնորհակալություն եմ հայտնում Կադաստրի կոմիտեի հոգատար ու նվիրված բոլոր աշխատակիցներին: Ձեզնից յուրաքանչյուրի նվիրումից ու ջանքերից է կախված Կադաստրի համակարգի այն տեսլականը, որը մեր աշխատանքի գլխավոր ուղենիշն է։