Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին

03.08.2023
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին

Օգոստոսի 2-4-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման կոմիտեի (UN-GGIM) 13-րդ նստաշրջանը, որը համապատասխան լիազոր մարմինների ներկայացուցիչների տարեկան հանդիպումն է:

Հայաստանյան պատվիրակության կազմում նստաշրջանին մասնակցում են ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Աշխարհի տարբեր երկրներից ներկա են գերատեսչությունների համապատասխան մասնագետներ ու պատվիրակներ, ովքեր քննարկում են տարածական տեղեկատվության կառավարման արդի գլոբալ մարտահրավերները, փոխանակում իրենց առաջադեմ փորձն ու գիտելիքները, առաջարկում դրանց դիմակայելու լավագույն լուծումները:

Ամենամյա նստաշրջանի ընթացքում քննարկվում են Համաշխարհային գեոդեզիական համակարգի զարգացման, ստանդարտների ընդունման և համաշխարհային երկրատարածական տեղեկատվության համայնքի կողմից դրանց իրականացման, երկրատարածական տեղեկատվության գիտելիքների բազայի մշակման, տեղեկատվության ինտեգրման, երկրատարածական տեղեկատվության կառավարման վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանն առնչվող կարևոր խնդիրներ:

ՄԱԿ-ի համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման կոմիտեի նստաշրջանը յուրօրինակ հարթակ է հատկապես զարգացող երկրների համար։ Վերջիններս հնարավորություն ունեն բարձրաձայնել առկա խնդիրները և կապեր հաստատել գործընկերների հետ, որոնք արդեն հաջողությամբ ներդրել և գործարկում են համակարգը: