ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Արևելյան տնտեսական VIII համաժողով

13.09.2023

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցում են 2023 թվականի սեպտեմբերի 10-ից 13-ը Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում ընթացող Արևելյան տնտեսական VIII համաժողովին։

Համաժողովի կազմակերպման վերաբերյալ որոշումը կայացվել է 2015 թվականին: Այն անցկացվում է յուրաքանչյուր տարի Վլադիվոստոկ քաղաքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի հիման վրա։

Համաժողովում շոշափվող հիմնական թեմաներից են նոր իրողությունների պայմաններում միջազգային համագործակցության զարգացումը, տեխնոլոգիաների արդիականացման հարցերը, մատակարարման ուղիների շղթաների փոխակերպումը:

Միջոցառման ընթացքում անցկացվել են պանելային և կլոր սեղան ձևաչափով քննարկումներ՝ նվիրված համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի ամենահրատապ խնդիրներին:

Կոմիտեի ղեկավարը հանդես է եկել «Տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով:

Սուրեն Թովմասյանը և Մհեր Խաչատրյանը ՌԴ պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության ղեկավար կազմի հետ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, երկկողմ և բազմակողմ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները, դրանց գործնական արդյունքները։

Համաժողովի ընթացքում կայացած հանդիպումների, քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խթանելու համապատասխան ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացումը։

Ընդգծվել է ոլորտի պատասխանատուների, մասնագիտական շրջանակների ներգրավմամբ պարբերական միջոցառումների, այդ թվում՝ առցանց հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։