ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ալմաթիում էր
2025 թվականի ապրիլի 7-ից 11-ը ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության կոմիտեի հրավերով մասնակցում էին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող «15-րդ միջազգային դպրոց. Գեոիդի սահմանումը և կիրառումը» խորագրով աշխատանքային շաբաթին։
Կոմիտեի պատվիրակության կազմում ընդգրկված էին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը:
«Գեոիդի սահմանումը և կիրառումը» խորագրով աշխատանքային շաբաթը նպատակ ունի վերապատրաստել ուսանողներին, երիտասարդ գիտնականներին և ազգային քարտեզագրական, կադաստրային և հողային գրանցման մարմինների, համալսարանների, գիտահետազոտական հաստատությունների մասնագետներին՝ նրանց փոխանցելով գեոդեզիայի ոլորտում գիտատեխնիկական տարբեր խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Միջոցառման շրջանակներում դասախոսություններով են հանդես եկել Իտալիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից հրավիրված առաջատար մասնագետներ։
Աշխատանքային շաբաթվա ընթացքում քննարկվել են գրավիտացիոն դաշտի, գեոիդի հաշվարկի ընդհանուր տեսությունը, գլոբալ գեոպոտենցիալ մոդելները և բարձունքային համակարգերը:
Կոմիտեի ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ՝ նորարարական լուծումների միջազգային փորձը ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներում կիրառելու նպատակով։