Միջազգային համագործակցություն․ԺՆԵՎ

29.04.2025
Միջազգային համագործակցություն․ԺՆԵՎ

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը 2025 թվականի ապրիլի 28-ից 29-ը մասնակցում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հողերի կառավարման հարցերով աշխատանքային խմբի (WPLA) 14-րդ նստաշրջանին։

ԵՏՀ-ն ստեղծվել է 1974 թվականին ՄԱԿ–ի Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից և նպատակ ունի խթանելու համաեվրոպական տնտեսական ինտեգրումը, համագործակցության ընդլայնման ապահովումը:

ԵՏՀ-ին անդամակցում է 56 երկիր, այդ թվում՝ Հայսատանի Հանրապետությունը: Հանձնաժողովի գործունեությանը մասնակցում են ավելի քան 70 մասնագիտական և այլ՝ ոչ կառավարական կազմակերպություններ։

Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են երկամյա պարբերականությամբ՝ հողային ռեսուրսների կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակելու և հիմնական ուղղությունները նախանշելու նպատակով:

Նանե Ղազարյանը մասնակցել է աշխատանքային խմբի ղեկավարի, ղեկավարի երկու տեղակալների, ինչպես նաև բյուրոյի անդամների ընտրությանը:

Մասնակիցները վերստուգել են 2023 թվականի տասներեքերորդ նիստից հետո Հողերի կառավարման հարցերով աշխատանքային խմբի (WPLA) աշխատանքային ծրագրի իրականացման ընթացքը, սահմանել 2026-2027 թթ. համար նախատեսված աշխատանքային ծրագիրը:

Քննարկումները հիմնականում կենտրոնացել են գլոբալ մեգաթրենդների (թվային փոխակերպում, ուրբանիզացիա, կլիմայի փոփոխություն և փոխկապակցված բիզնես էկոհամակարգերի զարգացում) համատեքստում անշարժ գույքի տիրապետման անվտանգությանն առնչվող խնդիրների վրա։

Նստաշրջանի ընթացքում կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրել է շնորհանդես՝ «Կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման կարգը Հայաստանում. երկրատարածական նորարարության և իրավական կարգավորումների կամրջում» թեմայով։