ՍՈՒՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` ԵՎՐՈԳԵՈԳՐԱՖԻՔՍ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության արդյունքում երկրորդ անգամ ընտրվել է կառավարման խորհրդի անդամ:
Մայիսի 19-21-ը Ռիգայում ընթանում է Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեան, որին մասնակցում են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Գևորգ Սարդարյանը:
Ասոցիացիայի գլխավոր ասամբլեան կրում է ամենամյա բնույթ, որին մասնակցում են ասոցիացիայի անդամ երկրների լիազոր մարմինների, ինչպես նաև ասոցիացիայի գործընկերներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կադաստրի կոմիտեն իր ակտիվ ներգրավվածությունն ունի Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: Դեռևս 2023 թվականին Սուրեն Թովմասյանն ընտրվել էր կառավարման խորհրդի անդամ։ Վերջին երկու տարիների կառուցողական աշխատանքի արդյունքում, կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ Սուրեն Թովմասյանը վերընտրվեց:
Կառավարման խորհուրդը պատասխանատու է ասոցիացիայի ընդհանուր կառավարման համար։ Այն կազմված է նախագահից, ով նախագահում է ասոցիացիան և առնվազն վեց անդամից, ովքեր լիիրավ անդամների ներկայացուցիչներ են:
Կառավարման խորհուրդն առաջարկում է կազմակերպության տարեկան բյուջեն, որը ներկայացնում է ընդհանուր ժողովի հաստատմանը գանձապետի միջոցով՝ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի համաձայն:
Սուրեն Թովմասյանը երկկողմ աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ երկրների՝ ոլորտը ներկայացնող պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են մասնագիտական բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համագործակցության հնարավոր ուղղությունները:
Գլխավոր ասամբլեայի օրակարգը ընդգրկում է ասոցիացիայի տարեկան հաշվետվության ներկայացումը, 2025 թվականի գործառնական պլանը, կառավարման խորհրդի նոր անդամների ընտրությունը, անդամակցության ռազմավարությունը, ինչպես նաև բյուջեն և բաժանորդագրություններին առնչվող հարցեր: