ԱԺ․ Քննարկվեց «Ռիելթորական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

02.09.2025
ԱԺ․ Քննարկվեց «Ռիելթորական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Ռիելթորական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հարցը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն եւ պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձեւավորմանն ու զարգացմանը:

Առաջարկվող կարգավորումներով կներդրվի նաեւ ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների ու սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ:

Կմշակվի և կներդրվի Միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկել Հայաստանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը՝ ապահովելով նաեւ անշարժ գույքի վաճառքի հայտարարություններ տեղադրող կայքերի հետ փոխգործելիությունը՝ այդ կայքերի համար կսահմանվեն համապատասխան որոշակի չափորոշիչներ:

Մանրամասն ներկայացնելով օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող բոլոր կարգավորումները՝ կոմիտեի ղեկավարը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարևորեց նախագծերի փաթեթը՝ ընդգծելով, որ այն ուղղված է անշարժ գույք գնողների շահերի պաշտպանությանը:

Զեկույցն ամբողջությամբ.

https://youtu.be/R8fbU_dk77E?t=4514։