Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացվեց «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը։
Իր խոսքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ ներկա դրությամբ հանրապետությունում ռիելթորական գործունեության տեսանկյունից իրավական դաշտն ամբողջությամբ բաց է, չկան այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնցով կարող են առաջնորդվել համապատասխան մասնագետները կամ շուկայում գործունեություն իրականացնող ընկերությունները:
Օրենսդրական նախաձեռնությունը մշակել է Կադաստրի կոմիտեն:
«Ռիելթորական գործունեության մասին» օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ռիելթորական գործունեության վրա, սահմանում է ռիելթորական գործունեության իրականացման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ կանոնակարգում է ռիելթորական գործունեությանն առնչվող հարաբերությունները:
Նշվել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն եւ պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձեւավորմանն ու զարգացմանը:
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ներդնել նաեւ ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների ու սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ:
Կոմիտեի ղեկավարի հավաստմամբ՝ մշակվելու եւ ներդրվելու է Միասնական տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա վերահսկել Հայաստանում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը՝ ապահովելով նաեւ անշարժ գույքի վաճառքի հայտարարություններ տեղադրող կայքերի հետ փոխգործելիությունը: Այդ կայքերի համար կսահմանվեն համապատասխան որոշակի չափորոշիչներ:
Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգծելով երկար սպասված փաթեթի կարեւորությունը: