Ազգային Ժողով․ Թվային կադաստր

Սեպտեմբերի 8-ին մեկնարկած ԱԺ հերթական նիստում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը քննարկման է ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Էլեկտրոնային համակարգով կարգավորվող փաստաթղթաշրջանառության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք վերաբերել են բացառապես իրավահաստատող փաստաթղթերին: Այժմ առաջարկվում է սահմանել կոնկրետ պահանջներ նաեւ ոչ իրավահաստատող փաստաթղթերի դեպքում:
Կոմիտեի ղեկավարը պարզաբանել է, որ քաղաքացուց գրասենյակում կվերցվեն փաստաթղթերը, կտեսաներածվեն թվային համակարգերի առկայությամբ: Քաղաքացին էլեկտրոնային թվային ստորագրությամբ կհաստատի, որ այդ պահին Կադաստրի կոմիտե իր կողմից են ներկայացվել փաստաթղթերը, որից հետո քաղաքացուն այդ պահին կվերադարձվեն փաստաթղթերը, կպահվի միայն էլեկտրոնային տարբերակը:
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ դա թույլ կտա թղթային արխիվի անընդհատ մեծանալու խնդիրը կարգավորել եւ ուշադրություն դարձնել կոնկրետ յուրաքանչյուր գույքի մասով որակական տվյալների բարձրացմանը:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի առնչությամբ տվել է դրական եզրակացություն։