Աշխատանքային խորհրդակցություն

09.09.2025

Հերթական աշխատանքային խորհրդակցության սկզբում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը շնորհավորել և գործընկերներին է ներկայացրել Գեոմատիկայի կենտրոնի նորանշանակ ղեկավար Գոհար Հայրապետյանին։

Ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ հանձնարարականները, ամփոփվել ավարտված և գործնականում կիրառություն ստացած ծրագրերը։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը առաջիկայում կներկայացնի տեխնիկական առաջադրանք բազմաբնակարան շենքերի առանձին գույքային միավորները անշարժ գույքի տվյալների բազա մուտքագրելու ընթացակարգերի վերաբերյալ։ Հարցը նախատեսվում է կարգավորել մինչև տարեվերջ:

Պատրաստվում է օրենսդրական փաթեթ, որով կսահմանվեն չափագրողի պարտավորությունները իրավունքի պետական գրանցման համար չափագրման փաթեթ ներկայացնելիս (նախատեսվում է, որ փաթեթում կներառվի չափագրողի եզրակացությունը անշարժ գույքը իրավունքի պետական գրանցման ենթակա լինելու վերաբերյալ):

Կոմիտեի ղեկավարին մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի ինքնաշխատ իրավունքի գրանցման գործընթացի համար անհրաժեշտ ծրագրային փոփոխությունների և ծրագրային ապահովման վերաբերյալ։

Մասնագիտական վարչություններին հանձնարարվեց ուսումնասիրել սահմանափակում կիրառող մարմինների կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող սահմանափակումների կիրառման ընթացակարգերը և ամբողջ գործընթացի նկարագրությունը սխեմայով ներկայացնել կոմիտեի ղեկավարին:

Գեոմատիկայի կենտրոնի նորանշանակ ղեկավարի և մյուս պատասխանատուների կողմից առաջիկայում կկազմակերպվի աշխատանքային քննարկում՝ բազային քարտեզագրական շերտերի ստանդարտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կատարման և ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև՝ նոր ազգային գեոպորտալի նախագծման աշխատանքների շրջանակում կկայանան տեխնիկական բնույթի աշխատանքային քննարկումներ, որոնց արդյունքները ևս կարձանագրվեն և կներկայացվեն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև թեժ գծով ստացվող հեռախոսազանգերին, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին, նախատեսվող այցերին և օրենսդրական նոր նախաձեռնություններին վերաբերող տարաբնույթ հարցեր։