ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԱՍՏԱՆԱ

17.09.2025
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԱՍՏԱՆԱ

Սեպտեմբերի 15-ից 19-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում ընթանում է Երկրատարածական տեղեկատվության կառավարման մեխանիզմների բարելավման և կայուն զարգացման նպատակների իրականացման խթանման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցություն-հանդիպումը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի, Հարավային Ասիայի և հարևան երկրների համար ՄԱԿ-ի ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի (UN-IGIF) վերաբերյալ «Երկրատարածական ռազմավարությունների իրականացում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը։

Միջոցառումներին մասնակցում է Կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը:

Քննարկումների ընթացքում անդրադարձել են երկրատարածական տեղեկատվության ստեղծման և կառավարման ոլորտում առկա իրավիճակին, առանձին երկրների գրանցած արդյունքներին, մարտահրավերներին ու առաջընթացի հնարավորություններին՝ ի նպաստ Կայուն զարգացման նպատակների իրականացման:

Մասնակիցները քննարկել են նաև տվյալների մատչելիության, թվային գործիքների ստեղծման, հասանելիության բարելավման, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման կիրառման, ինչպես նաև Ինտեգրված երկրատարածական տեղեկատվական շրջանակի (IGIF) իրականացմանն առնչվող հարցեր։

Կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը ներկայացրել է տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի՝ Կադաստրի կոմիտեի կողմից նախաձեռնված միջոցառումները, ներկայում իրականացվող քայլերը, ՀՀ–ում տարածական տվյալների ստեղծման, մշակման և կիրառման առանձնահատկությունները։

Անդրադարձ է կատարվել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքներին։

Կներկայացվեն նաև նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, սերվերային համակարգի տեղադրման և ծրագրային ապահովման, կադաստրային և քարտեզագրական մոդուլի գործարկման ուղղությամբ իրականացված քայլերը։