Պաշտոնական այցով Կադաստրի կոմիտեում է Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը

25.05.2026

ՀՀ Կադաստրի կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գործակալության (Agency for Geodesy, Cartography and Cadastre of the Republic of Moldova, AGCC) միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը։

Այցի հիմնական նպատակն է երկու երկրների ոլորտային կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև կադաստրի, գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների կառավարման ոլորտներում համագործակցության զարգացումը։

Կոմիտեում կազմակերպված աշխատանքային հանդիպումների ընթացքում իրականացվել են մասնագիտական քննարկումներ և թեմատիկ ներկայացումներ՝ նվիրված անշարժ գույքի պետական գրանցման, գնահատման, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների, ինչպես նաև ոլորտում իրականացվող թվայնացման և տեխնոլոգիական արդիականացման գործընթացներին։

Այցի շրջանակում կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը մասնագիտական համագործակցության շարունակական զարգացման, փորձի փոխանակման ընդլայնման և ոլորտային արդյունավետ լուծումների ներդրման ուղղությամբ։