Միջազգային համագործակցություն-Ավստրիա, Հերմագոր
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը և գեոդեզիայի ու հողաշինարարության վարչության պետ Վահագն Մուրադյանը մասնակցել են աշխարհագրական անվանումների պահպանությանն ու կառավարմանն ուղղված միջազգային միջոցառումներին։
2026 թվականի հոկտեմբերի 12–ից 16-ը Ավստրիայի Հերմագոր քաղաքում անցկացվել են ՄԱԿ-ի Աշխարհագրական անվանումների փորձագետների խմբի (UNGEGN) շրջանակում կազմակերպված միջազգային մասնագիտական միջոցառումներ՝ նվիրված աշխարհագրական անվանումների պատմամշակութային արժեքին, ստանդարտացմանը և կառավարման ժամանակակից մոտեցումներին։
Հոկտեմբերի 12–13-ին կայացած «Միկրոտեղանունների ժառանգական արժեքը» (The Heritage Value of Microtoponyms) խորագրով միջազգային սիմպոզիումին Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են «ՀՀ միկրոտեղանունները՝ որպես պատմամշակութային ժառանգության տարր» թեմայով զեկույցը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի միկրոտեղանունների առանձնահատկություններին, դրանց պահպանման և փաստագրման կարևորությանը, ինչպես նաև ժամանակակից աշխարհատարածական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։

Հոկտեմբերի 14–16-ին կազմակերպված մասնագիտական աշխատաժողովի օրակարգում ընդգրկվել են աշխարհագրական անվանումների ստանդարտացման և կառավարման մի շարք արդիական հարցեր, մասնավորապես՝ էկզոնիմների կիրառման վերաբերյալ մոտեցումների համաձայնեցումը, աշխարհագրական անվանումների ստանդարտացման գործընթացներում արհեստական բանականության և լեզվական մեծ մոդելների օգտագործման ուղեցույցների մշակումը, ինչպես նաև աշխարհագրական անվանումների կառավարման լավագույն փորձի ուսումնասիրությունը։
Միջազգային միջոցառումները կարևոր հարթակ են աշխարհագրական անվանումների պահպանության, ստանդարտացման և կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, միջազգային համագործակցության զարգացման և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրման համար։