Միջազգային համագործակցություն-Շվեյցարիա

25.06.2026
Միջազգային համագործակցություն-Շվեյցարիա

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանն ընտրվել է ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման հարցերով փորձագետների Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի Գործադիր մարմնի անդամ։

2026 թվականի հունիսի 23-ից 24-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում անցկացվել է ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման հարցերով փորձագետների Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի (UN-GGIM: Europe) 13-րդ լիագումար նստաշրջանը։

Միջոցառման շրջանակում քննարկվել են փորձագետների կոմիտեի ընդհանուր ծրագրի և տարածաշրջանային կոմիտեի պաշտոնական գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև աշխատանքային ծրագրում նոր առաջարկների ընդգրկմանը, հնարավոր բացթողումների վերհանմանը, հավելյալ գործողությունների ներառմանը առնչվող հարցեր։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ռեգիոնալ և գլոբալ տարածական տվյալների ենթակառուցվածքների ինտեգրման հնարավորություններին, տարածական տվյալների հասանելիության ապահովման իրավական հիմքերի մշակմանը, տարածական տվյալների փոխանակման, օգտագործման և փոխգործելիության ապահովման նպատակով միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների ստանդարտացմանը։

Նանե Ղազարյանն անդրադարձել է ՀՀ-ում տարածական տվյալների ինստիտուցիոնալ կառավարման համակարգի զարգացմանը, տարածական տվյալների ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործմանը, Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և պետական միասնական գեոպորտալի հնարավորությունների ընդլայնմանը, կառավարման արդյունավետ համակարգի ներդրմանը։