Միջազգային համագործակցություն-Չեխիա, Բռնո

13.09.2026
Միջազգային համագործակցություն-Չեխիա, Բռնո

Սեպտեմբերի 8-ից 11-ը Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքում անցկացվել է Քարտեզագրության միջազգային ասոցիացիայի (ICA) «EUROCARTO 2026» միջազգային համաժողովը, որին մասնակցել է Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կրոյանը։

Համաժողովի շրջանակում քննարկվել են քարտեզագրության և երկրատարածական տեղեկատվության ոլորտների զարգացման արդի միտումները, երկրատարածական տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրատարածական տվյալների մշակման և վերլուծության, քարտեզագրական գործընթացների ավտոմատացման, թվային և ինտերակտիվ քարտեզագրական ծառայությունների, վեբ քարտեզագրության, եռաչափ երկրատարածական տվյալների, վիրտուալ իրականության և թվային երկվորյակների կիրառման, ինչպես նաև տարածական տվյալների որակի և փոխգործելիության ապահովման հարցերին։

Համաժողովի ընթացքում Նարեկ Կրոյանը հանդես է եկել Կադաստրի կոմիտեի կողմից պատրաստված «Հայաստանյան ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման առանձնահատկությունները» (“Features of the Armenian National Spatial Data Infrastructure Development”) զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված մոտեցումներն ու առկա հնարավորությունները։

Համաժողովին մասնակցությունը հնարավորություն է տվել ծանոթանալու քարտեզագրության և երկրատարածական տեղեկատվության ոլորտներում միջազգային առաջավոր փորձին և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև նպաստել է միջազգային մասնագիտական համագործակցության և փորձի փոխանակման ընդլայնմանը: