COP17 համաժողովի հոկտեմբերի 23-ի նիստում զեկույցով հանդես կգա Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը
2026 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության փորձը տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման, օրենսդրական դաշտի և տարածական տվյալների կիրառությունների ոլորտում» խորագրով նիստը։
Նիստի ընթացքում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նիստի մոդերատոր Մարիամ Պետրոսյանը հանդես կգան զեկույցներով՝ ներկայացնելով Հայաստանի տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի ձևավորման հիմքերը, զարգացման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև նոր ազգային գեոպորտալի հնարավորություններն ու գործառույթները։
Նիստի եզրափակիչ հատվածում տեղի կունենա պանելային քննարկում՝ Կադաստրի կոմիտեի, պետական այլ կառույցների, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման առանցքում կլինեն տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման Հայաստանի փորձը, ոլորտում արձանագրված հիմնական ձեռքբերումները, օրենսդրական կարգավորումների կատարելագործման հնարավորությունները, տարածական տվյալների արդյունավետ կիրառման և հետագա զարգացման հեռանկարները։
- Հոկտեմբերի 23, 2026 թ. | 09:00–10:00
- Հայաստանի տաղավար, Կապույտ գոտի (Blue Zone)