Թեմատիկ քարտեզագրություն

Թեմատիկ  քարտեզագրություն

Հայաստանի ազգային ատլասի Ա հատորը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2002-2006թթ. կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Ատլասի Ա հատորը բաղկացած է 5 բաժնից՝ ընդհանուր ակնարկ, բնություն, բնակչություն, տնտեսություն, ՀՀ վարչատարածքային միավորներ և Արցախ (232 էջ):

Ընդհանուր ակնարկն իր մեջ ներառում է Հայաստանի տեղն աշխարհի և Առաջավոր Ասիայի քաղաքական քարտեզներում, Հայկական լեռնաշխարհը, Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը:

Բնություն բաժինը ներկայացված է լանդշաֆտի բոլոր բաղադրիչների՝ երկրաբանական հիմքի, ռելիեֆի, կլիմայի, ներքին ջրերի, հողաբուսական ծածկի մանրամասն քարտեզագրական և ուղեկցող տեքստային բացատրական նյութերով:

Այս ամենի արժեքն առավել բարձրանում է այն հանգամանքով, որ վերը նշված բնության բաղադրատարրերը ներկայացված են դինամիկ կերպով՝ սկսած երկրաբանական վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը: Նման ժամանակատարածքային իրավիճակների պատկերները հրաշալի աշխարհագրական, պատմական և այլ համալիր բովանդակության մտածելակերպեր են առաջացնում ատլասից օգտվողների և ուսումնասիրողների մոտ:

Բնակչության բաժինն ընդգրկում է մեծաթիվ քարտեզագրական և ամենատարբեր բնույթի տեղեկատվություն, որոնք ներկայացված են ժամանակային և միջազգային, և տարածաշրջանային, և ներհանրապետական կտրվածքներով: Մանրամասն վերլուծված և ցույց են տրված Հայաստանի բնակչության աշխարհագրությունը 20-րդ դարի ընթացքում, ներառյալ ժողովրդագրական հիմնական ցուցանիշների խորը, գիտական վերլուծությունները:

Ատլասի 4-րդ բաժինը նվիրված է Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ տնտեսության վերլուծմանը և ներկայացմանը, ինչը բավական դժվար խնդիր է՝ հաշվի առնելով վերջին տասնամյակների հայտնի փոփոխությունները:

Ատլասի 5-րդ բաժինը նվիրված է ՀՀ վարչատարածքային միավորներին և Արցախին: Այս բաժինը կարևորվում է ՀՀ տարածաշրջանային առանձնահատկությունների տարածաժամանակային ուսումնասիրությունների առումով, ինչին նպաստում է հարուստ քարտեզագրական, գրաֆիկական, տեքստային տեղեկատվությունը և թեմատիկ լուսանկարները:

2008թ-ին գիտական հասարակության դատին հանձնվեց Հայաստանի ազգային ատլասի Բ հատորը, որը մեծ ձեռքբերում էր Հայաստանի անկախ հանրապետության գիտության համար:

 Հայաստանի ազգային ատլասի Բ հատորը բաղկացած է 6 բաժնից՝ պատմություն, կրոն, մշակույթ, հայկական գաղթավայրեր և սփյուռք, Հայաստանը հին և միջնադարյան քարտեզներում, ժամանակագրական աղյուսակներ (264 էջ): Ատլասի Բ հատորն ամբողջական և համակողմանի տեղեկատվություն է պարունակում Հայոց պատմության, Հայաստանի հնագիտության, ազգագրության, կրոնների և հայոց եկեղեցու, գաղթավայրերի, սփյուռքի և այլ բնագավառների վերաբերյալ: Ատլասը հագեցված է նաև բացատրական տեքստերով, որոնք հնարավորություն են տալիս ընթերցողին ստանալու լիարժեք տեղեկատվություն այս կամ այն շրջանի վերաբերյալ: Հատորում ներառված է հայոց պատմության համառոտ ժամանակագրությունը, արքայատոհմերի ու կաթողիկոսների ժամանակագրական ցանկերը և որոշ այլ նյութեր: Բ հատորի մեծ նվաճումներից մեկը պետք է համարել անտարակույս Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների գործունեության ողջ պատկերը:

Բ հատորն ունի նաև ծավալուն անվանացանկ, որն Ատլասը դարձնում է էլ ավելի արժեքավոր:

2014թ-ին ավարտվել է Հայաստանի ազգային ատլասի Ա հատորի անգլերեն տարբերակը, իսկ 2018թ. Բ հատորը: Ատլասի հրատարակումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

2017-2019թթ. պատրաստ էր տպագրության Հայաստանի ազգային ատլասի ռուսերեն տարբերակը (արդեն միավորված 1 հատորյակի մեջ): Ատլասը բաղկացած է 9 բաժիններից՝ ընդհանուր ակնարկ, բնություն, բնակչություն, տնտեսություն, պատմություն, կրոն, մշակույթ, հայկական գաղթավայրեր և սփյուռք, ժամանակագրական աղյուսակներ (334 էջ):

2009թ. հրատարակվել է «Երևան» պատմա-աշխարհագրական ատլասը, որը քաղաքի պատմական և ներկայիս վիճակն արտացոլող քարտեզների համակարգված գիտատեղեկատու ժողովածու է և նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Ատլասը բաղկացած է 5 բաժնից՝ Պատմություն, Բնություն, Բնակչություն և տնտեսություն, Մշակույթ, Ակտիվ քաղաքաշինական հատվածներ: Յուրաքանչյուր բաժին ուղեկցվում է համապատասխան տեքստերով և գծագրերով, ինչպես նաև լուսանկարներով, որոնց մի մասն ունի վավերագրական նշանակություն:

2007թ. սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համալիր  աշխարհագրական ատլասի ստեղծման աշխատանքները: Ատլասը բաղկացած է 96 էջից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը գիտատեղեկատու համալիր քարտեզագրական ստեղծագործություն է, որն ամբողջական պատկերացում է տալիս շուրջ երկու տասնամյակ գոյություն ունեցող, հայկական երկրորդ պետական կազմավորման պետականության կառուցման, ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած և սոցիալ-տնտեսական հաջողություններ արձանագրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայի, անցած պատմական ուղու և զարգացման հնարավորությունների մասին:

Ատլասը տպագրվել է հայերեն (2007թ.), ռուսերեն (2009թ.), անգլերեն (2010թ.):

2015թ. հրատարակվել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված դպրոցական քարտեզներ. Բիթլիսի նահանգ, Դիարբեքիրի նահանգ, Սեբաստիայի նահանգ, Խարբերդի նահանգ, Էրզրումի նահանգ, Վանի նահանգ, Կարսի մարզ, Հայոց Կիլիկիա (19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ), Հայոց ցեղասպանությունը 1915-1916թթ.,

Քարտեզները պատմական տեղեկություններ են պարունակում 1914թ. վերջից մինչև 1916թ. ներառյալ զանգվածային և մասնակի կոտորածների ենթարկված հայկական բնակավայրերի, հայերի զանգվածային ոչնչացման վայրերի, ինքնապաշտպանական վայրերի, նահանգների հայության բռնագաղթի գլխավոր ուղղությունների ինչպես նաև Արևելյան Հայաստան տեղափոխված հայ բնակչության երթուղիների ուղղությունների մասին: Ներկայացված են նաև նահանգների հայ բնակչության կորուստներն ըստ գավառների ու գավառակների, տրված են նահանգների ու մարզի վարչական բաժանումները, գյուղերի, ավանների, վանքերի, եկեղեցիների, դպրոցների ու վարժարանների գտնվելու վայրերը, քանակական կազմը և այլն:

2007-2008թթ. հրատարակված ատլասներն (Ա և Բ հատորներ) արդեն թարմացման կարիք ունին: 2021 թ. սկսվել է և նախատեսվում է 2023 թ. ավարտին հասցնել Հայաստանի ազգային ատլասի (հայերեն, մեկ հատորով, 336 էջ) ուղղման, թարմացման և վերահրատարակման աշխատանքները: 2022թ. պատրաստվում է հրատարակության Տավուշի և Լոռու մարզերի տուրիստական բուկլետները (անգլերեն), ինչպես նաև 2 մայրցամաքների՝ Հյուսիսային Ամերիկա (մասշտաբ 1:9 000 000) և Հարավային Ամերիկա (մասշտաբ 1:10 000 000) ուսումնական քարտեզները: