Գեոդեզիա

Գեոդեզիա

Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցերը ստեղծվել են տասնյակ տարիների  ընթացքում` նախկին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից կենտրոնացված կարգով: Հայաստանի Հանրապետությունում բնագավառի քաղաքականությունն իրականացվում էր ՀայՊետԻԳՀՆ ինստիտուտի կողմից։ Պետական գեոդեզիական ցանցի կետերը դեֆորմացվել էին, հատկապես այն տարածքներում, որտեղ 1988թ. Սպիտակի երկրաշարժը թողել էր իր բացասական ազդեցությունը: Մինչդեռ գոյություն ունեցող գեոդեզիական ցանցերը հիմք են հանդիսանում, թե տեղագրական հանույթների և թե ռազմական պաշտպանողական խնդիրներ լուծելու համար: Կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակվեց «Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի ոլորտի 2002–2006 թվականների զարգացման ծրագիր», որում հիմնավորվեցին ինչպես Հայաստանի Հանրապետության պետական
պլանային գեոդեզիական ցանցի հետազոտման, ճշգրտման, այնպես էլ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրունքային ցանցի
վերակառուցման  խնդիրները:  

Նախորդ տարիներին իրականացվել է գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության պետական պլանային գեոդեզիական 2-րդ, 3-րդ և 4-րդ դասերի ցանցերի հետազոտման, ճշգրտման և կետերի կոորդինատների կատալոգների կազմման ու հրատարակման (հայերեն և ռուսերեն լեզուներով) աշխատանքները, վերակառուցվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր բարձրունքային հիմքը, ստեղծվել է նոր ազգային, արբանյակային, պլանային, գեոդեզիական ցանց:

Արդի արբանյակային տեխնոլոգիաների շնորհիվ երկրագնդի յուրաքանչյուր կետում, ինչպես նաև օդային տարածքում կոորդինատների և ժամանակի որոշման հասանելիությունը և պարզությունը բացել են նոր հնարավորություններ անսահմանափակ քանակությամբ շարժվող օբյեկտների վերահսկման և կառավարման համար ստեղծելու գլոբալ նավիգացիոն համակարգեր:

  2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում Նորվեգական «Հողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ» դրամաշնորհային ծրագրով ՀՀ ողջ տարածքի համար ստեղծվել է իրական ժամանակում մշտապես գործող ռեֆերենց կայանների ցանց՝ ապահովելով կոորդինատների որոշման բարձր ճշտություն։

   Կադաստրի կոմիտեն  իր իրավասությունների շրջանակներում մշակում է ՀՀ տարածքում գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում իրականացվելիք   տարեկան և հեռանկարային ծրագրերը, փոխհամագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, աջակցում է սույն  բնագավառում իրականացվող աշխատանքների ավտոմատացված նորագույն համակարգերի ներդրմանը, ստեղծում և պահպանում է քարտեզագրագեոդեզիական ֆոնդը՝ անհրաժեշտության դեպքում տրամադրում տեղեկատվություն։