Հաշվառում և հողաշինարարություն

Հաշվառում և հողաշինարարություն

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից ելնելով` ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության  որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության  որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշումը: 2012 թվականի հունվարի 1-ից հաշվառման (չափագրման) գործառույթն իրականացվում է սահմանված կարգով որակավորում ստացած անձանց կողմից:

 

Հաշվառում

 

Անշարժ գույքի հաշվառումը (չափագրումը) անշարժ գույքի` հողամասերի և դրանց վրա ամրակայված շենքերի, շինությունների (այսուհետ` շինություններ) առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքերի ու տեսակների վերաբերյալ հավաք տվյալների ստանալն է: Հաշվառման (չափագրման) ենթակա են հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների հաշվառումն (չափագրումն) իրականացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և կադաստրային գնահատման նպատակով: Հողամասերը և դրանց վրա ամրակայված շինությունները ենթակա են քանակական և որակական հաշվառման: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների քանակական հաշվառումն անշարժ գույքի առկա վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է` արտահայտված գծային չափերով (երկարություն, լայնություն, բարձրություն), մակերեսներով և ծավալներով: Անշարժ գույքի քանակական հաշվառումը կատարվում է կադաստրային քարտեզագրման և չափագրումների միջոցով: Հողամասերի և դրանց վրա ամրակայված շինությունների որակական հաշվառումն իրականացվում է հողամասի նպատակային և գործառնական նշանակության (հողատեսքերի), շինությունների նպատակային, գործառնական նշանակության, կառուցման տարեթվի, արտաքին հարդարման, ավարտվածության աստիճանի, շինանյութի տեսակի (պատերի, միջհարկային ծածկի, տանիքի) և այլ բնույթի որակական տվյալների հավաքագրման միջոցով:

 Անշարժ գույքի վերաբերյալ տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով անշարժ գույքի հաշվառումը նախատեսում է`

  1. սկզբնական հաշվառում.
  2. ընթացիկ հաշվառում:

 Անշարժ գույքի սկզբնական հաշվառումն ընդգրկում է`

  1. անշարժ գույքի վերաբերյալ հավաք տվյալների ստացումը, դասակարգումը, առկա նյութերի ուսումնասիրումը.
  2. կադաստրային հանույթները, դաշտային հետազոտությունները, անշարժ գույքի վերաբերյալ ելակետային տվյալների և կադաստրային քարտեզների ստացումը.
  3. անշարժ գույքի նպատակային նշանակության, սեփականության և օգտագործման ձևերի, տեսքերի ու տեսակների, որակական ու քանակական հատկանիշների, տեղադրության, չափսերի որոշումը և դասակարգումը.
  4. սկզբնական, ելակետային նյութերի ստացումը, դասակարգումը, անշարժ գույքի առկայության և բաշխման մասին հաշվետվության ներդրումը:

Անշարժ գույքի ընթացիկ հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխությունների հայտնաբերման, իրավունքների պետական գրանցման, կադաստրային գնահատման, ինչպես նաև կադաստրային քարտեզներում արտացոլելու նպատակով: Անշարժ գույքի քանակական տվյալների (մակերեսների, գծային չափերի, ծավալների, ձևի և այլն) հավաքագրման նպատակով իրականացվում է չափագրում:

Պետական գրանցման համակարգում իրավունքի պետական գրանցում չստացած (այն է` 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում չունեցող) անշարժ գույքի միավորների, ինչպես նաև իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորների փոփոխման (միավորների բաժանում, միավորում, միավորի կազմում նոր ստեղծված կամ վերակառուցված շենքերի, շինությունների առկայություն և այլն) դեպքում, իրավունքի պետական գրանցմանը նախորդում են անշարժ գույքի (հողամասի և շենքերի, շինությունների) չափագրման աշխատանքները, որոնք մինչև 31.12.2011թ. իրականացվում էին բացառապես Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների հաշվառման բաժինների համապատասխան մասնագետների միջոցով: Ըստ էության, նշված գործառույթը «մենաշնորհային» էր, մինչդեռ այն բավականին արդյունավետ կարող էր իրականացվել նաև մասնավոր հատվածի կողմից` համապատասխան ուսուցում ստացած անձանց կամ կազմակերպությունների միջոցով:

Անշարժ գույքի չափագրման աշխատանքները, hողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանված են Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-ն ու N 284-ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 75-Ն հրամանով:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն, յուրաքանչյուր տարի ամփոփվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեին ներկայացված ընթացիկ հողային հաշվեկշիռները, կազմվում  է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա ընթացիկ հողային հաշվեկշիռը: Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ յուրաքանչյուր տարվա հաշվետվության (հողային հաշվեկշռի) մասին  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի փաթեթը, սահմանված կարգով շահագրգիռ նախարարությունների հետ համաձայնեցնելուց հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

Հողաշինարարություն

 

Համայնքների վարչական սահմաններում գտնվող  պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու աշխատանքներ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  և «Տեղական  ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան 01.01.2006թ. դրությամբ, հանրապետության 915 համայնքներում ավարտվել են  դրանց վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու աշխատանքները, որոնք սահմանված կարգով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքներ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներն ապահովելու նպատակով 01.01.2006թ. դրությամբ ավարտվել են հանրապետության 912 համայնքների վարչական սահմանների նկարագրման  աշխատանքները, որոնք սահմանված կարգով հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Լուծում են ստացել բազմաթիվ վիճելի սահմանային հարցեր: